«Այս հայտարարությունը հնարավորություն է, որ վերջապես, 20 տարի հետո, եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի, նախ՝ հանդես գա ասելիքով». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակվելու դիմումին, նշեց, որ հարցի հետ կապված կարծիք հայտնելիս պետք է հանդես գա ոչ միայն՝ որպես հանձնաժողովի նախագահ, այլև՝ որպես սպարապետ Վազգես Սարգսյանի ընկերը և, նրա վարչապետ եղած տարիներին՝ ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերով խորհրդական:
«Իմ խորին համոզմամբ, Հոկտեմբերի 27-ն այն հրեշավոր, ահաբեկչական գործողությունն էր, որը, ըստ էության, կասեցրեց Հայաստանի ամբողջ հեռանկարը, և այդ կասեցումը տևեց 20 տարի: Հոկտեմբերի 27-ով էր պայմանավորված, որ Հայաստանում տարիներ շարունակ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ ձևավորել լեգիտիմ իշխանություն՝ հանձինս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի համատեղ քաղաքական որոշման:
Ափսոսում եմ, որ այդ հնարավորությունը չտրվեց, որպեսզի այդ իշխանությունը լիարժեք հնարավորություն ունենա, որպեսզի երկիրը տանի այնպիսի փոփոխությունների, որը մենք տեսնում ենք 20 տարի հետո»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
«20 տարի առաջ Նաիրի Հունանյանը հնարավորություն ուներ, որպեսզի իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար Հայաստանի Հանրապետությանը հասկանալու, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել:
Նաիրի Հունանյանը և իր խմբի անդամները սկզբնական փուլում, կարծես թե, աջակցության ակնկալիքներ ունեին, բայց այդ աջակցությունը ստանալով՝ հոգեբանորեն պատրաստ էին համագործակցել նախաքննական մարմնի հետ, բայց ինքներդ էլ տեսաք, թե ինչպիսի խոչընդոտներ, ինչպիսի վախեր առաջացան հնարավոր բացահայտման առումով: Այդ ժամանակ տարբեր շրջանակներ՝ քաղաքական և ոչ քաղաքական, իրենց վախերից ելնելով՝ ամեն ինչ անում էին, որ լիարժեք բացահայտումը կա՛մ տեղի չունենա, կա՛մ տեղի ունենա իրենց ուզած ձևաչափի սահմաններում: Այդպիսի վախեր ուներ նաև այն ժամանակվա իշխանությունը ներկայացնող համար մեկ իշխանավորը՝ Ռոբերտ Քոչարյանը՝ իր թիմով: Եթե հիշում եք, այդ թիմի անդամներից կասկածյալներ կային, և Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի մեջ, բայց քաղաքական գործընթացներն այնպես գնացին, որ այդ բացահայտումը տեղի չունենա: Ավելին, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ձևավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ, քանի որ վարչապետ դարձավ Արամ Սարգսյանը, որի կառավարությունը չունեցավ հնարավորություն լիարժեք հասնել գործի լիարժեք բացահայտմանը»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ Նաիրի Հունանյանը կարող է դիմել իրավական ընթացակարգով այս խնդրի լուծմանը, սակայն նա 20 տարի ուշացել է:
«Որևէ մեկը չի հավատացել, որ դա ուչաստկովիի գործ է եղել, Ռոբերտ Քոչարյանը պատահական չհնչեցրեց ուչաստկովի մակարդակը՝ խոսելով այն մասին, որ դրա հետևում որևէ լուրջ ուժ չի կարող լինել: Այս հայտարարությունը հնարավորություն է, որ վերջապես, 20 տարի հետո, եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի, նախ՝ հանդես գա ասելիքով»,- ասաց նա:
Հարցին, թե նախաքննական մարմինը պետք է համագործակցի՞ Նաիրի Հունանյանի հետ, եթե վերջինս ասելիք ունենա, Ա. Քոչարյանը պատասխանեց. «Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել՝ հայտնվելու ազատության մեջ, բայց նման հրեշավոր հանցագործություն կատարած մարդը, որը մեզ զրկել է երկրի զարգացման հեռանկարից և հնարավորություն է տվել այլ ուժերի մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որ միայն 20 տարի հետո հնարավոր եղավ դրանից ազատվելու, չի կարող լինել ազատության մեջ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան