Հովհաննես Իգիթյանը՝ Նաիրի Հունանյանի դիմում մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ իրավական առումով Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանն իրավունք ունի դիմելու վաղաժամ ազատ արձակվելու համար և ընդհանուր առմամբ այդ իրավունքը բոլորն ունեն:

«Հավանաբար խոսքը գնում է պատիժը վաղաժամկետ դադարեցնելու, ներման մասին, այնտեղ տարբեր ձևեր կան: Կարծում եմ՝ համաներումը լինում է այն ժամանակ, երբ հասարակության մեջ պահանջը կա, կամ ժամանակի ընթացքում հանցագործությունը կորցնում է կամ փոխում իր հնչեղությունը հասարակության շրջանում:

Չեմ կարծում, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ կապված հասարակության մեջ որևէ բան է փոխվել: Ավելին՝ այսօր ավելի շատ հարցեր են առաջանում, այսօր ավելի շատ հարցեր կան, քան եղել են երկու կամ երեք տարի առաջ: Մենք լսում ենք նոր հանգամանքների մասին թերթերում և այլ տեղերում:

Կգա ժամանակ, երբ հասարակությունը կուզի իմանալ այս հանգամանքների պատասխանը, սակայն չեմ կարծում եմ, որ սա որևէ կապ ունի այն հանգամանքի հետ, որ վաղաժամ պետք է դադարեցվի պատիժը:

Գիտեմ, որ իրավական ինչ-որ գործընթացներ պետք է լինեն այս դեպքում, բայց զգում եմ, որ հասարակության մեջ չկա այդ ցանկությունը՝ Նաիրի Հունանյանին վաղաժամ ազատության մեջ տեսնելու»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա, այնպես չէ, որ ով նման խնդրանքով դիմում է՝ այդ դիմումին դրական են վերաբերում:

«Նայում են, թե այդ մարդն ինչ արարք է կատարել, եթե այդ արարքը համարվում է շատ ծանր և հասարակության համար վտանգավոր և արդյո՞ք նրա ազատոթյան մեջ լինելը շարունակում է վտանագավոր մնալ: Չեմ կարծում, որ այստեղ կարող է կիրառվել որևէ մեղմացուցիչ հանգամանք կամ գործընթաց»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս