Անի խոշորացված համայնքի ղեկավարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և չի պատրաստվում հրաժարական տալ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ  տարուց ավելի է՝ նրա դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում՝ պահանջելով նրա հրաժարականը:

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը հիմնավորում են նրանով, որ համայնքի ղեկավարը ոչինչ չի արել համայնքը զարգացնելու համար։

Հիշեցնենք նաև, որ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Արտակ Գևորգյանն ասաց. «Այս ամենի մեջ ես որևէ իրականություն չեմ տեսնում,  միշտ աշխատել ու աշխատելու եմ օրենքի շրջանակներում։ Մյուս բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն իմ փաստաբանը։ Ինչ վերաբերում է իմ հրաժարականին, ապա բնակիչների կողմից ինքս օրինական կերպով եմ ընտրվել, ես պատասխանատվություն եմ կրում ինձ ընտրողների և չընտրողների առջև։ Շարունակելու եմ պատասխանատվությամբ առաջ շարժվել և զարգացնել Անի համայնքը»:

Նրա փաստաբան Արամայիս  Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Արտակ Գևորգյանի գործն այժմ գտնվում է նախաքննության փուլում։

«Նրա նկատմամբ կա միայն մեկ մեղադրանք՝ կապված վարորդի աշխատավարձի հետ, որն այժմ նախաքննության փուլում է։ Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր. «Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով և բավարար ապացույցներով մասնավորապես հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Ա. Գ.-ն, Անի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի և նույն համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում և օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք՝ 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ:

Ապա համայնքի ղեկավարը անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված և Ա. Մ.-ի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա.Մ.-ի անվամբ դուրս գրված և փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները։ Սեպտեմբերին 18-ին նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավարը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս