«Խաղաղությունը սկսվում է մարդու ինքնությունից և հետո տարածվում է դեպի իր ընտանիքը, հայրենիքը և ողջ աշխարհը». Փիթեր Ջեմ

Սփյուռքահայ երաժիշտ Պետրոս Ջեմբազյանը Լիբանանից է: Երաժշտական կարիերայի սկզբում նա որոշում է լսարանին ներկայանալ Փիթեր Ջեմ անունով: Պետրոս Ջեմբազյանը նաև «խաղաղության դեսպան» տիտղոսն ունի, որը Լիբանանի ՄԱԿ-ի գրասենյակը նրան շնորհել է խաղաղության գաղափարը իր երգով աշխարհում տարածելու համար: Երաժիշտն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, բայց հաճախ է լինում հայրենիքում: Հերթական այցի ժամանակ 168.am-ը զրուցեց նրա հետ:

– «Խաղաղության դեսպան», ի՞նչ է քեզ համար խաղաղությունը:

– Ինձ համար շատ խորունկ հարց է սա. ինձ համար խաղաղությունը սկսվում է մարդու ինքնությունից և հետո տարածվում է դեպի իր ընտանիքը, հայրենիքը և ողջ աշխարհը:

– Հիմա Սիրիայում դարձյալ թեժ է իրավիճակը, Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում, Դուք՝ որպես խաղաղության դեսպան, ի՞նչ ուղերձ ունեք Սիրիայի բնակիչներին:

Կարդացեք նաև

– Թուրք լինի, կամ որևէ այլ ազգ, այս հարձակողականությունը՝ նման պատճառաբանություններով, մանավանդ այն երկրի վրա, որն արդեն պատերազմի մեջ է, շատ դաժան է: Մենք զորավիգ ենք Սիրիայի ժողովրդին, բայց չեմ ուզում շատ քաղաքականորեն մեկնաբանել: Սակայն ուզում եմ նշել, որ հարձակումների առաջին իսկ օրից ժողովուրդները սկսեցին իրենց պետություններին ասել, որ ոչ միայն զորավիգ լինեն Սիրիային, այլև այնպես անեն, որ կասեցնեն Թուրքիայի հարձակումը:

– Խաղաղության տուրով հանդես եկաք աշխարհում. արդեն քանի՞ երկրում եք եղել:

– 40 երկրում եղել եմ՝ նույն պատգամով՝ «Դրական պատգամ՝ արվեստի, երաժշտության և խոսքի միջոցով»: Քանի որ հիմա ԱՄՆ-ում եմ ապրում, արդեն նաև ԱՄՆ 25 նահանգներում եմ եղել, տարբեր միջոցառումների եմ մասնակցել և մեծ համերգի եմ մասնակցել Նյու Յորքում, նույն՝ խաղաղության գաղափարով: Շատ ուրախ էի, որ բեմում պետք է բաժնեկցեի իմ խաղաղության երգը:

– Հայրենիքի գաղափարը նույնպես կարևոր է Ձեր ստեղծագործություններում:

– Ինչպես սկզբում ասացի՝ ամեն ինչ սեփական անձից է սկսվում, հետո՝ ընտանիք… մեր ընտանիքը Հայաստանն է, և մտածում եմ եկող տարի այստեղ տեղափոխվելու մասին՝ ժամանակս բաժանելու Հայաստանի և ԱՄՆ-ի միջև:

Նոր քաղաքական խոստումների մեջ ամենակարևոր բառն ինձ համար «երջանիկ» բառն է. մենք շատ տխրություններ տեսանք, շատ չարչարվեցինք, որ այս հայրենիքն ունենանք. այսօրվանից հետո պետք է երջանիկ կյանք ունենանք:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս