Այդ հարցով ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է դեռևս մայիս ամսին. ԱԳՆ-ի պատասխանը՝ Մարիա Զախարովային

Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ նեոնացիոնալիզմի տարածման, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի մասին զեկույցի վերաբերյալ, որում անուղղակի անդրադարձ կար նաև Գարեգին Նժդեհին, արդիական է նաև այսօր: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ՌԴ ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրեի գնահատականին հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անցած ուղու վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ այդ հարցով ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է դեռևս մայիս ամսին իր ճեպազրույցի ընթացքում:  Ըստ Աննա Նաղդալյանի՝ այդ դիրքորոշումն արդիական է նաև այսօր:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ-ի զեկույցին, որտեղ նաև Հայաստանի մասին հիշատակում կար, ասվում էր, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել ոչ միանշանակ գործչի հիշատակի հավերժացման ուղղությամբ՝ նկատի ունենալով Գարեգին Նժդեհին, Աննա Նաղդալյանն ասել էր, որ Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդից մասնակցել են 600 հազար մարդ, զոհվել է 300 հազարը: «Եթե չեմ սխալվում՝ մենք ունենք 150 սովետական հերոս, 80 գեներալ, 6 մարշալ, եթե չեմ սխալվում թվերում: Դա՝ առաջինը:

Երկրորդը՝ Հայաստանը պայքարել է իր անկախության, գոյատևման համար՝ թուրքերի և կովկասյան թաթարների դեմ, և հարգում է այդ պայքարում իր հերոսներին: Երրորդը՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը մարդու իրավունքներին մոտենում է համընդգրկուն ձևով, ունի ժողովրդավարական կարգ և բազմակարծություն: Սակայն, միաժամանակ լինելով ժողովրդավարական և իրավունքի գերակայության երկիր, Հայաստանում կան օրենքներ, որոնք սահմանափակում են երկրում ռասայական կամ այլատյացության դրսևորման ցանկացած դեպք:

Եվ չորրորդը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պայքարում է նեոնացիզմի, այլատյացության դեմ, քանի որ սեփական փորձից գիտի դրա վտանգները՝ հանդիսանալով այլատյացության զոհ: Հայաստանը նաև պայքարում է ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ, լինեն դրանք տարածաշրջանում այլատյացություն սերմանողները, թե սափրագլուխները: Այս առումով Հայաստանը միջազգային տարբեր ատյաններում պայքարում է նեոնացիզմի յուրաքանչյուր դրսևորման դեմ»,- նշել էր ՀՀ ԱԳՆ  մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Կարդացեք նաև

Հայտնի է, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախօրեի ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անցած ուղուն, ինչպես 3 տարի առաջ՝ Երևան քաղաքի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո: Հարկ է նաև նշել, որ 3 տարի առաջ տրված կտրուկ գնահատականներից կարճ ժամանակ անց Զախարովան փորձել էր մեղմել ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը՝ ասելով, որ արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ում լրագրողի հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, ի՞նչ դիրքորոշում ունեն ՌԴ իշխանությունները, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսակետից մենք տվել ենք բոլոր գնահատականները՝ ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ՝ ՌԴ ԱԳՆ զեկույցում: Մեր գնահատականն ակտուալ է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ տեղյակ չէ Արմավիրում տիրող իրավիճակի, տեղական իշխանությունների գործողությունների և Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հուշատախտակն ապամոնտաժելու նախաձեռնության օժանդակության մասին:

Տեսանյութեր

Լրահոս