«Արման Բաբաջանյանի հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելը ԱԺ պատգամավոր և անդամ խեղաթյուրված դիսկուրսի երկրորդ փուլն է». սահմանադրագետ

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)-ն լուր տարածեց, թե «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն»:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ 168.am-ը զրուցեց քրեական գործ հարուցելու հիմքերի ու առհասարակ Հրայր Թովմասյանի գործով զարգացումների շուրջ:

Կա՞ր արդյոք Արման Բաբաջանյանի կողմից հաղորդում ներկայացնելու հիմքով քրեական գործ հարուցելու հիմք:

Կարդացեք նաև

– Այս մասին իր հաղորդումը Արման Բաբաջանյանը դեռևս Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր, լիազորությունները դադարեցնելու՝ Ազգային ժողովի (ԱԺ) նախագծի քննարկման ընթացքում էր ներկայացրել և հիմնավորել էր, որ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության յուրացում է տեղի ունեցել, քանի որ Հրայր Թովմասյանը,  ընտրվելով ՍԴ անդամ այն ժամանակ, երբ դեռևս գործում էին 2005թ. ՍԴ-ին վերաբերող դրույթները, իսկ հետագայում ՍԴ դատավորին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտան 2018թ. ապրիլի 9-ից, ըստ Արման Բաբաջանյանի ներկայացրած հաղորդման, թույլ էր տվել խախտում, քանի որ չէր հրաժարվել պատգամավորական մանդատից, և, բնականաբար, հանդիսանալով պատգամավոր, ստանձնել էր նոր պաշտոնը:

Սակայն իմ որակմամբ՝ սա ԱԺ պատգամավոր և անդամ խեղաթյուրված դիսկուրսի երկրորդ փուլն է, քանի որ պատգամավորը մեղադրում է, որ Հրայր Թովմասյանը, ստանձնելով տվյալ պաշտոնը, չի հրաժարվել իր մանդատից: Մեկնաբանելով սահմանադրության դրույթները՝ պետք է նկատենք, որ այդ ժամանակ գործում էին ԱԺ  պատգամավորի լիազորությունների դադարման և դադարեցման 2015թ. կարգավորումները: Ըստ Սահմանադրության 209-րդ հոդվածի՝ այս դրույթն ուժի մեջ էր մտել ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստի բացման օրվանից:

Սահմանադրությունն այդ մասին ի՞նչ է ասում:

– Սահմանադրության 98-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է նաև մանդատի անհամատեղելիությունը, իսկ դա պատգամավորի կողմից իր կարգավիճակով չպայմանավորված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ որևէ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելն է: Հետևաբար՝ շատ տրամաբանական է, որ Սահմանադրության և օրենքի ուժով, ընտրվելով ՍԴ անդամ, մանդատի համատեղելիության սկզբունքից օգտվելով՝ Հրայր Թովմասյանի՝ որպես պատգամավորի, լիազորությունները դադարեցվել են:

Սա առաջի՞ն նման դեպքն է: Նախադեպեր չկա՞ն:

– Ենթադրաբար՝ այս նույն ընթացակարգով է ընտրվել նաև Նիկոլ Փաշինյանը, նույն ընթացակարգով է նշանակվել Արարատ Միրզոյանը, և, եթե առաջնորդվում ենք Արման Բաբաջանյանի՝ Սահմանադրության մեկնաբանության տրամաբանությամբ, այս նույն հիմքով քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավվեն նաև իմ կողմից թվարկված պաշտոնատար անձինք:

Այդ դեպքում ինչի՞ համար է ողջ այս աղմուկը:

– Սա հերթական իրավական իրավական մանիպուլյացիան է, և սահմանադրական նորմերի նմանաբնույթ խեղաթյուրումները հարվածում են մեր իրավական պետությանը և հանգեցնելու են այսպիսի աբսուրդային իրավիճակների: Օրենքի այսպիսի մեկնաբանությունները մասնագետներին անհարմար իրավիճակներում են դնում, քանի որ սա ևս արժանանալու է այն նույն ճակատագրին, ինչ անդամ-դատավոր դիսկուրսը, երբ Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծեց, որ տվյալ եզրույթն աներկբա է և որևէ տարամեկնաբանության տեղիք չի տալիս: Վստահ եմ, որ այս գործընթացը կրկին կարժանանա միջազգային կառույցների քննադատական գնահատականին:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս