35 եվրոյանոց ավիատոմսերից՝ մինչև օդի փողի վերացում. Ի՞նչ քայլեր է իրականացնելու Կառավարությունը
Քաղաքացիական ավիացիայի համար հոկտեմբերի 16-ը շատ կարևոր օր էր, որովհետև Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել և ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր են վաճառվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստում, որպես լավ լուր, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով՝ ճի՞շտ եմ հասկացել, որ հիմա Երևանից Հռոմ և Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել։
Փախվարչապետ Տիգրան Ավինյանը վարչապետի համար մանրամասնեց, որ Երևանից բացվել են դեպի Հռոմ, Միլան և Բեռլին ուղղությունները, և ևս մեկ ուղղություն էլ Գյումրից և այս չորս ուղղություններով թռիչքներ է իրականացնելու «Ռյան էյեր» ընկերությունը՝ մատչելի էժան տոմսերով։
«Հենց նոր նայում էի՝ Հռոմ-Երևան տոմսի գինը 2020 թվականի հունվարի 28-ին նույն 35.88 եվրո է, հետադարձը նույն գինն է, այսինքն՝ 70 դոլարով կարելի է գնալ Հռոմ և ետ վերադառնալ»,- մանրամասնեց Ավինյանը՝ հավելելով, որ սննդի և ուղեբեռի համար, սակայն, քաղաքացիները պետք է հավելյալ վճարեն։
Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ Կառավարությունը շատ սկզբունքային որոշում էլ է կայացրել. «Այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի և օդի տուրքը կհանվի։ Սա վերաբերվում է բոլոր ավիաընկերություններին և որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունը բերելու է շատ լուրջ տեղաշարժերի մեր ավիացիոն շուկայում»,- ասաց վարչապետը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ