Մինչ ողբերգական դեպքը եղբայրները վարսավիրանոցներից գողություն են արել․ դաժան դեպքի մանրամասները․ «Ժողովուրդ»
«Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը 18-ամյա Սամվելն ու 16-ամյա Հրաչը, որոնք եղբայրներ են, Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են արել, գողոնն էլ թաքցրել կամրջի տակ: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբի ոստիկանները նկատել են նրանց կասկածելի պահվածքը, բայց տղաները փախուստի են դիմել: Ոստիկանները հետապնդել են, տղաներից մեկը Ազատության պողոտայում մի ուղղությամբ է փախել, իսկ մյուսը՝ մեկ այլ:
Ոստիկաններին հաջողվել է բռնել 18-ամյա տղային, ու երբ կանխել են նրա դիմադրությունը, մյուս ուղղությամբ փախած 16-ամյա տղան հետեւից մոտեցել է ոստիկան Տիգրան Առաքելյանին, հափշտակել նրա զենքն ու հենց դրանով կրակել Տ. Առաքելյանի գլխին: Լրատվամիջոցներն էլ երեկ տեղեկացրին, որ եղբայրները մանկատան սաներ են եղել:
Նկատենք, որ ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում: 2018-ի մայիսի 3-ին էլ, հիշեցնեք, HSBC բանկի` Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման ընթացքում ոստիկան սպանվեց: Ոստիկանության ավագ ենթասպա, երկու երեխաների հայր Արա Շախգուլյանը սպանվեց մեկ այլ ոստիկանի գնդակով: Իրավապահները պարզեցին, որ բանկի վրա զինված հարձակում կատարողը Ճանապարհային ոստիկանության` տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Թերեւս, աննախադեպ, որեւէ քննադատության չդիմացող իրադրություն է, երբ զենք են գործադրում ոստիկանի վրա, որը հենց այդ պահին բարեխիղճ ծառայություն է իրականացնում, այնինչ աշխարհով մեկ ընդունված է ոստիկանի նկատմամբ առանձնակի հարգանքը, եթե կուզեք, ոստիկանից վախն ու ակնածանքը:
Ու պատահական չէ, որ ոստիկանի պաշտպանվածությունը աշխարհով մեկ բարձրագույն աստիճանի վրա է: Վարչապետ Փաշինյանն էլ, ի դեպ, ցավակցություն հայտնելով հոկտեմբերի 16-ի գիշերը զոհված ոստիկանի հարազատներին, գրել է. «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: Հավելենք, որ հանցագործներին, առաջադրված մեղադրանքներով, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: