Ինքնաթիռի անձնակազմը նկատել է Ջաջուռի մոտ բռնկված խոտածածկույթի հրդեհը. հրշեջները մարել են այն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Գյումրի քաղաքից արևմուտք ընկած հատվածում հրդեհի օջախներ է նկատել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխի 4 հրշեջ-փրկարար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ջրամբարից դեպի անտառ տանող հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել՝ 16:54-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ջաջուռ գյուղի 13 բնակիչ: