«Չպետք է հույզերին տրվել». Արցախի ԱԺ նախագահի տեղակալը՝ Վիտալի  Բալասանյանի հայտարարությունների մասին

«Մենք, իհարկե, դեմ ենք նման մոտեցումներին»,- 168.am-ի հետ զրույցում արձագանքելով Վիտալի Բալասանյանի հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Նրա կարծիքով՝ Վ. Բալասանյանի անձնական հակասությունները կարող են հանգեցնել միջազգային հակասությունների:

«Ես բնավորությամբ խաղաղ մարդ եմ, սիրում եմ, որ ամեն ասպարեզում խաղաղություն լինի: Քաղաքական գործիչները մտքեր արտահայտելու ժամանակ պետք է խնայողաբար բառերն օգտագործեն: Այսինքն՝ չպետք է հույզերին տրվեն, խոսեն այնպիսի բաների մասին, որոնք կարող են այդ անձնական հակասությունները բերել միջպետական հակասությունների, վատ հարաբերությունների: Այնպես որ, մենք դեմ ենք, իհարկե, նման մոտեցումներին»,- կարծում է Վահրամ Բալայանը:

Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալը վստահ է, որ Բալասանյանի առաջ քաշած մտահոգությունները նա կարող էր քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ առանձին սենյակում, ու այդ ժամանակ էլ կարող էին լուծումներ գտնել:

Կարդացեք նաև

«Մենք գտնում ենք, և ես միշտ ասում եմ, որ պետք է եղած հարցերը փորձել քննարկել և լուծել փակ սենյակներում, նույնիսկ ժողովուրդն էլ դրա մասին չպետք է իմանա: Այսինքն՝ եթե կան հարցեր, որոնք որոշակի զգացական պահեր են իրենց մեջ պարունակում, ես կարծում եմ, որ դա կարելի է քննարկել փակ սենյակներում և լուծումներ ապահովել: Իսկ էդպիսի բան չկա, որ լուծում հնարավոր չլինի ապահովել: Բոլոր հարցերին կարելի է լուծումներ ապահովել»,- վստահ է Բալայանը:

Նա չի հերքում, որ Բալասանյանն Արցախի պետականության կազմավորման կայացման գործում մեծ ներդրում ունի:

«Ես կցանկանայի, որ նա այդ ուժը, ներդրումը օգտագործի միայն ու միայն լավ նպատակներով, և կարծում եմ, որ Վիտալի Բալասանյանը, համենայն դեպս՝ որպես քաղաքական գործիչ, այդ ճանապարհի վրա կկանգնի, այսինքն՝ կառուցողական, երկիրը հզորացնելու, շենացնելու ճանապարհով պետք է գնա»,- Բալասանյանին հորդորեց Վահրամ Բալայանը:

Կառուցողական ճանապարհին կանգնելու համար Արցախի խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդիպել են Վիտալի Բալասանյանի հետ, հորդորել, որ իր մտահոգությունները քննարկի մասնավոր հանդիպումների ժամանակ: Չնայած Վիտալի Բալասանյանը հերքում է, որ խորհրդարանից իր հետ որևէ պատգամավոր խոսել է, սակայն 168.am-ի հետ զրույցում այլ տեսակետ հայտնեց Արցախի խորհրդարանի նախագահը տեղակալը:

«Առանձին պատգամավորներ խոսել են, քաղաքական գործիչներ, կուսակցություններ: Բայց կարծում եմ՝ իմաստ չունի, որ խորհրդարանը հատուկ քննարկման նյութ դարձնի: Կարծում եմ՝ կարող ենք մասնավոր հանդիպումների ժամանակ խոսել, քննարկել մտահոգությունները»,- ասաց Բալայանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս