«Իմ քայլը», ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն են կրելու այս ամենի պատասխանատվությունը. Կարեն Զադոյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Իրավաբաններ հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն է
– Պարո՛ն Զադոյան, Կառավարությունը 16,5 միլիարդ դրամ հատկացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման համար նախատեսված միջոցառումներին։ 16.5 միլիարդը շատ չէ՞ նման ռազմավարության համար։
– Նախորդ երեք ռազմավարություններն ընդհանրապես գնահատված չէին, և պետական բյուջեից որևէ լումա չի հատկացվել դրանց իրականացման համար, հիմնականում եղել են գործողություններ, որոնք եղել են պետական տարբեր մարմինների ծրագրերում և կրկնվել են այդ ռազմավարություններում։ Այս անգամ փորձ է արվել գնահատել գործողությունները, և ես դրանց հավաստիության վերաբերյալ որևէ գնահատական դեռ տալ չեմ կարող, բայց չեմ կարծում, որ 16.5 միլիարդը մեծ է: Միգուցե, եթե ավելի մանրակրկիտ և օբյեկտիվ գնահատվեր, այդ գումարն ավելի մեծանար, հատկապես՝ եթե մենք ուզում ենք ունենալ իրական, և ոչ թե՝ թղթի վրա գրված ռազմավարություն։
– Հակակոռուպցիոն ռազմավարությամբ առաջարկվում է ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հակակոռուպցիոն կոմիտե։ Նախ՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին. այդ հանձնաժողովի կազմում ներկա են լինելու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, և դա, ըստ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շրջանառած նախագծի, որը, չնայած քաղհասարակության քննադատությանը, ընդունվեց։ Այս պարագայում ինչպե՞ս է ապահովվելու հանձնաժողովի անկախությունը։
– Դեռևս 2016 թվականին վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհրդում ներկայացրել ենք ունիվերսալ մասնագիտացված հակակոռուպցիոն և տարանջատված մարմինների մոդելները։ Նախկին քաղաքական իշխանությունը չուներ քաղաքական կամք՝ գնալ ունիվերսալ տարբերակին, և մշակեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը։
Երբ նոր քաղաքական իշխանությունները եկան իշխանության՝ հայտարարեցին, որ ստեղծելու են ունիվերսալ մարմին, քանի որ «Ելք» դաշինքում կար անկախ ունիվերսալ մարմնի ստեղծման մասին դրույթը, բայց, ցավոք սրտի, նոր իշխանություններն ընտրեցին նախկին քաղաքական իշխանությունների կողմից ընտրված տարբերակը՝ տարանջատված մոդելը, որը և դրվել է ռազմավարության մեջ։ Այս քայլը քաղաքական որոշում է։ Իսկ Արարատ Միրզոյանի կողմից շրջանառված նախագիծը ետընթաց է։
– Ենթադրենք, հակակոռուպցիոն խորհուրդը քննում է Գագիկ Ծառուկյանին, նրա մտերիմ շրջապատից մեկին առնչվող հարց, հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը որքանո՞վ է կարողանալու անաչառ կարծիք հայտնել։
– Մեր մտավախությունը կայանում էր հենց նրանում, որ այստեղ լուրջ ռիսկեր կան, որը կարող է լինել և՛ ԲՀԿ-ի, և՛ ԼՀԿ-ի, և՛ «Իմ քայլի», և՛ ԲԴԽ-ի հետ, իսկ այդ ռիսկը չեզոքացնելու մեխանիզմներ չկան այս օրենքում։ Իհա՜րկե, հանձնաժողովի կազմում քաղաքական խմբակցության թեկնածուն կարող է չմասնակցել հանձնաժողովի նիստերին, բայց, կարծում եմ, որ այդպես չի լինի: Ընդհակառակը՝ այդ խմբացությունների թեկնածուները կաշկանդված են լինելու կուսակցական և քաղաքական շահերով։
– Իսկ կոռուպցիայի դեմ պայքարում ընդդիմադիր խմբակցության ներկայությունը վտանգավոր չէ՞: Չէ՞ որ, մասնակցելով այդ հանձնաժողովի նիստերին, նրանք կարող են այնպիսի տեղեկությունների տիրապետել, որոնք կարող են հետո այլ օղակներով շրջանառել իրենց քաղաքական հակառակորդների դեմ։
– Կարծում եմ՝ վտանգավոր է ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների, այլ նաև իշխող ուժի ներկայությունը, որովհետև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պայքարելու է քաղաքական կոռուպցիայի դեմ, իսկ դիտակետում առաջին հերթին՝ Կառավարությունը, քաղաքական ուժերն ու Բարձրագույն դատական խորհուրդն են։ Այստեղ լուրջ վտանգներ կան: Այսօր այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են «Իմ քայլը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, և հետևաբար՝ հետագայում էլ խնդրի դեպքում պատասխանատուն իրենք են։
– Պարոն Զադոյան, փաստորեն նախկինում հակակոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի կազմը ձևավորվում էր մրցույթով, հիմա այդ հանձաժողովի կազմը կձևավորի ԱԺ-ն, ԲԴԽ-ն,Կառավարությունը։
– Այո՛, նախկին տարբերակը մեկ քայլ առաջ էր։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ