Բաժիններ՝

Նախապաշարմունքը չի թողնում դիմել հոգեբանի կամ հոգեբույժի. մասնագետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր 40 վայրկյանում աշխարհում 1 մարդ է մահանում ինքնասպանության միջոցով, իսկ յուրաքանչյուր 3 վայրկյանում 1 մարդ ինքնասպանության փորձ է կատարում:

 

Կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի համոզմամբ` ինքնասպանություն են գործում հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդիկ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ՀՀ-ում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվն աճել է: 2011 թվականին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 647 դեպք: 2010թ. Համեմատ՝ դեպքերն աճել են 9.3%-ով: Մ. Մադաթյանն ինքնասպանությունների թվի աճը բացատրում է հոգեկան խանգարումների աճով: «Գաղտնիք չէ, որ դեպրեսիան աշխարհում շատանալու միտում ունի, իսկ դա հանգեցնում է ինքնասպանության»,-  նշում է հոգեբանը: Ըստ վիճակագրական տվյալների` ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են՝ գործազուրկների, և 16.5%-ը` թոշակառուների խմբերում: Սակայն հոգեբան Մ. Մադաթյանի համոզմամբ` սխալ է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թվի աճը պայմանավորել մարդկանց սոցիալական վիճակի վատացմամբ. քանի որ հոգեկան խանգարումներ կարող են դիտվել նաև սոցիալապես ապահով մարդկանց մոտ: Նա նաև կարծում է, որ ինքնասպանության պատճառ հաճախ կարող է դառնալ ստերեոտիպիկ այն մտածելակերպը, որ հոգեբանի կամ հոգեբույժի դիմելն ամոթ է,  ի՞նչ կասեն հարևանները. «Այս մտածելակերպն էլ հանգեցնում է իր տրամաբանական ավարտին: Հաճախ հոգեբույժի դիմելու խորհուրդը մարդիկ ընդունում են՝ որպես անձնական վիրավորանք»:

 

Կարդացեք նաև

 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն առանձնացնում է ինքնասպանության երկու տեսակ` ցուցադրական և միտումնավոր: Ըստ նրա` ցուցադրական ինքնասպանություններ գործողները հիստերիկ անձնավորություններ են, որոնք ցանկանում են կարեկցանք, խղճահարություն առաջացնել դիմացինի մոտ: «Ցուցադրական ինքնասպանnւթյունները հիմնականում վերջանում են ինքնասպանության փորձով: Նրանք հիմնականում այնպես են հաշվարկում, որ ինչ-որ մեկը փրկի իրենց»,- ասում է հոգեբանը: Նրա հավաստմամբ` միտումնավոր ինքնասպանություններ գործողները երբեք ոչ մեկին տեղյակ չեն պահում, նրանք դա անում են մտածված ու կազմակերպված:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011թ. ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 27.7%-ը կատարվել է սուր կտրող, ծակող կամ այլ գործիքով, 24.6%-ը` դեղամիջոցների կամ այլ նյութի օգտագործման, 21.8%-ը` կախվելու, 16.5%-ը՝ բարձրությունից նետվելու և 9.4%-ը` այլ եղանակներով: Ինքնասպանության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը` շուրջ 60%-ը, կատարվել է կախվելու, 20%-ը` բարձրությունից նետվելու եղանակով: Ինքնասպանության ավելի շատ դիմել են 30-65 (55.4%) և 65 և բարձր (23.1%) տարիքի անձինք:

 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով` սովորաբար շրջապատը չի հասկանում, որ մարդ պատրաստվում է ինքնասպանություն գործել, և հնարավոր չի լինում նրան ետ պահել դրանից. «Իհարկե, հոգեբանների աշխատանքի շնորհիվ՝ նրանք հրաժարվում են այդ մտքից, սակայն միշտ չէ, որ նախքան ինքնասպանություն գործելը նրանք դիմում են հոգեբանի»: Մ. Մադաթյանը կարծում է, որ ՀՀ-ում հակասուիցիդալ միջոցառումների պակաս կա: «Մենք խրախուսական ենք մոտենում կամայական մի շարք շարժումների` էմոներ, և այլն: Ժողովրդի մեջ չենք մտցնում այն գաղափարը, որ անհրաժեշտ է հոգեբանի կամ հոգեբույժի դիմել»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս