Բաժիններ՝

Վիճակն այս պահին գնահատվում է բավարար. ԲԿ-ն՝ գիշերվա միջադեպից տուժած ոստիկանի մասին

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 25-ամյա ոստիկան Ա. Հակոբյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  ոստիկանն իրենց մոտ տեղափոխվել է գիշերը ժամը 5-ին: «Ա. Հակոբյանը մեզ մոտ է տեղափոխվել գլխի շրջանում վիրավորումներ ստացած, մասնավորապես՝ գլխի գագաթային շրջանում պատռված վերքով, փափուկ հյուսվածքների սալջարդով, գլխուղեղի ցնցումով: Վիճակն այս պահին գնահատվում է բավարար, նա գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում: Բուժող բժշկի խոսքով՝ 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Նրանց այցելության էր եկել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Ա.Հակոբյանը խնդրեց, որպեսզի փոխանցեմ լրագրողներին, որ չի ցանկանում տեսալուսանկարահանվել»,- ասաց Ծ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ոստիկան Տիգրան Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը, և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»՝ 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել են։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003թ. և 2001թ.: Վերջիններս ձերբակալվել են:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս