Բաժիններ՝

«Հին քարտեզով նոր քաղաք չես կառուցի». Տնտեսագետը՝ տնտեսական հեղափոխության մասին

«Տնտեսական հեղափոխությունը մեզ մոտ սկսվեց և ավարտվեց դրա մասին հայտարարությամբ։ Տնտեսական հեղափոխությունը ենթադրում էր, որ պետք է փոխվեր տնտեսական քաղաքականությունը, առաջարկվեին նոր մոդելներ, սակայն առ այսօր նման մոդելներ չեն առաջարկվել»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։

Տնտեսագետի բնորոշմամբ՝ հին քարտեզով նոր քաղաք չեն կարող կառուցել, ուստի այս Կառավարությունը շարունակում է նախորդ կառավարությունների տնտեսական կուրսը, ըստ որի՝ հարուստները պետք է հարստանան, որպեսզի մյուսներին պահեն։
Այսպես որևէ երկիր դեռ չի զարգացել, Հայաստանը ևս չի զարգանալու։

«Մենք պետք է մշակենք մեր ներառական տնտեսական քաղաքականությունը, տնտեսական մոդելը, չնայած Կառավարությունն իր ծրագրում հռչակել է ներառական տնտեսական աճ։ Բայց այդ ներառականությունը, ըստ Կառավարության, այն է, որ հնարավորություն տրվի բոլորին տնտեսական գործընթացների մեջ ներգրավվել։ Իրականում ներառականությունն արդյունքի բաշխումն է հասարակության լայն շերտերի միջև։ Դրա լավագույն օրինակը մեր տնտեսական ակտիվությունն է, վերջին ութ ամիսների կտրվածքով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվություն, որից չեն օգտվել հասարակության մեծ մասը, այն դարձյալ բաշխվել է մի խումբ անձանց շրջանակներում»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Ըստ տնտեսագետի, այս առումով լուրջ անելիքներ կան, որն անելու փոխարեն, Կառավարությունը գնաց ծայրահեղ մոտեցումների՝հրաժարվեց պրոգրեսիվ հարկային քաղաքականությունից, որը կարևոր գործիք էր և անհրաժեշտ է եկամուտները վերաբաշխելու համար։

«Երբ Կառավարությունը հայտարարում է, որ գերակատարում է  հարկերի հավաքագրումը, մոռանում է նշել, որ հարկաբյուջետային քաղաքականությունը միայն հարկերի հավաքագրմամբ պայմանավորված չէ, նաև՝ ծախսերով»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս