«Կարող է փոփոխություն չլինել, և հակառակը՝ հնարավոր է՝ բեկումնային փոփոխություններ լինեն». Ալումյանը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատ ձևավորելու մասին

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է ներպետական դատավարության կողմերի, այդ թվում՝ ՀՀ Կառավարության, մարդու իրավունքների հանձնակատարի կողմից գրավոր փաստարկներ ներկայացնելու ժամկետները։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես՝ Ազգային ժողովին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը հարցեր էր ուղղել ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ պարզաբանումներ խնդրելով՝ կապված Եվրոպական կոնվենցիայի հետ։

«Փաստորեն Վենետիկի հանձնաժողովը և հիմա էլ՝ ՄԻԵԴ-ը, ասել են, որ տալու են իրենց պարզաբանումները»,- նշեց Հայկ Ալումյանը։

Թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այդ պարզաբանումները տրամադրելուց հետո, արդյո՞ք այն Քոչարյանի գործում որևէ բան կփոխի՝ հարցերին, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ չի ցանկանում շատ առաջ ընկնել։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կարծիք կտրամադրի՝ կարող է առհասարակ որևէ փոփոխություն չտալ, կամ հակառակը՝ հնարավոր է՝ բեկումնային փոփոխություններ լինեն»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս