Միքայել Հարությունյանը պետք է ձեւ գտնի, կապ հաստատի ապրիլյան հանձնաժողովի հետ. Անդրանիկ Քոչարյան. aravot.am
Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում: aravot.am-ի հետ զրույցում այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ հասարակությանը հետաքրքրող «հայտնի պերսոնաժներին» հրավիրելիս`տեղեկություն կտրամադրեն: Թե ո՞վ է եղել հանձնաժողովի այսօրվա հյուրը, Անդրանիկ Քոչարյանը չի ասել. «Մարդ, որը հարստացրեց մեր տեղեկատվությունը»:
Չորս ամիսների աշխատանքի արդյունքում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բավական աշխատանք են կատարել, նաեւ մտահոգիչ տեղեկություններ են ստացել:
Առայժմ խորհրդատուների ինստիտուտ են սահմանել: Խորհրդատուներից մեկն էլ Նորատ Տեր-Գրիգորյանցն է լինելու: Բարձրաստիճան զինվորականների օգնությունն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, լինելու է այն, որ սխալ եզրահանգումների վրա հանձնաժողովականները չշեղվեն: Խորհրդատվություններ են պետք լինելու նաեւ հետախուզության, հրետանու, ռազմաօգային ուժերի հարցերով: Խորհրդատուների ցանկում են նաեւ Վաղարշակ Հարությունյանը, Վլադիմիր Հայրապետյանը:
Հանձնաժողովը դիմել է ԱԱԾ, որպեսզի վերականգնվի այս անձանց գաղտնիության թույլտվության հնարավորությունը: Խոսքը տեղեկատվության հասանելիության մասին է: Անդրանիկ Քոչարյանը զարմացած է, որ գործընթացը ԱԱԾ-ում մի քիչ դանդաղել է եւ հրավիրյալները դեռ չեն կարողանում մասնակցել նիստերին:
Նա վստահ է, որ առաջիկա նիստերին հրավիրյալները մասնակցություն կունենան:
«Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով`դեռ մի բան էլ ավել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով հրավիրելու հարցին:
Ասաց՝ ակնկալում է, որ որեւէ հրավիրյալ չի մերժի ներկայանալ ապրիլյան պատերազմի հարցերին վերաբերվող հանձնաժողով. «Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժի: Ավելին` նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե «մարտի 1-ով» լքեց Հայաստանը, ապա ապրիլյանով ինքը պետք է ձեւ գտնի`հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովի, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով, սկայպով, որովհետեւ հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: