«Տոնոյանի վարկանիշը շատ ավելի բարձր է և ավելի է բարձրանում՝ ի տարբերություն Փաշինյանի». քաղաքագետ

Այսօր մամուլը մի քանի րոպեով փոթորկեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրով։ Իհարկե, այս լուրը շատ արագ և՛ Տոնոյանը, և՛ վարչապետ Փաշինյանը հերքեցին, իսկ ավելի ուշ լուրը հրապարակող կայքը ընթերցողներից ներողություն խնդրեց սխալ տեղեկատվության համար։

Բայց Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրի մասին խոսվում է արդեն տևական ժամանակ. մամուլը գրել էր, որ հրաժարականի դիմումներ են ներկայացնելու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչն այլևս իրականություն է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը նույնպես հրաժարական տվեց և հեռացավ, այդ թվում՝ և վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Ըստ մամուլի հրապարակումների՝ հաջորդ հեռացողը լինելու է Դավիթ Տոնոյանը, որը դեռ պաշտոնավարում է։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ թեև Դավիթ Տոնոյանը այժմ պաշտոնավարում է որպես նախարար, սակայն ակնհայտ է, որ և՛ Տոնոյանը, և՛ Օսիպյանը, և՛ Վանեցյանը նույն տոնայնության մեջ են, ուստի համարվում են  Փաշինյանի դասակարգային թշնամիները։

«Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի տենդենցը կա, և, վաղ թե ուշ, Փաշինյանը, որն անվստահություն ունի, փոփոխություններ կիրականացնի։ Նրա մոտ կա անվստահության մի քանի պատճառ. առաջին՝ և՛ Վանեցյանը, և՛ Օսիպյանը, և՛ Տոնոյանը նույն տոնայնության մեջ են գտնվում, ունեն որոշակի կապեր նախկին իշխանության հետ և, իրենց պատկերացումներով՝ սևերի և սպիտակների չեն բաժանվում, հետևաբար՝ դրանով հանդերձ՝ դասակարգային թշնամի են համարվում Փաշինյանի համար, սակայն հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ նրանք համակերպվել և աշխատում էին»,- ասաց  Բոզոյանը։

Ըստ քաղաքագետի՝ եթե Վալերի Օսիպյանի հրաժարականը կապված էր Ամուլսարի և «Սասնա ծռերի» որոշ անդամներ-վարչապետ մերձեցման հետ, իսկ Վանեցյանի հրաժարականը՝ ԱԱԾ-ում արմատական փոփոխություններ անելու ցանկության,  ապա Տոնոյանի հրաժարականի համար կարող են հիմք դառնալ հետևյալ գործոնները.

«Տոնոյանի վարկանիշը շատ ավելի բարձր է և ավելի է բարձրանում՝ ի տարբերություն Փաշինյանի, որի վարկանիշն անկում է ապրում, իսկ ցանկացած իշխանության համար նման չափաբաժինը վտանգավոր է։ Արցախի հետ կապված Տոնոյանի մի շարք ձևակերպումներ Ադրբեջանում խիստ բացասական արձագանք են ստացել, իսկ Ադրբեջանը միջնորդների միջոցով փորձում էին ճնշումներ գործադրել Փաշինյանի վրա, որ ազատվի Տոնոյանից։ Մյուս գործոնն էլ այն է, որ Տոնոյանը մարտնչող իմքայլական չէ, և տրամաբանական է, որ Փաշինյանը վաղ թե ուշ ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից»։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս