Վարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին:
Ողջունելով «Յանդեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ վարչապետը նշել է, որ այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում է առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքս»-ը հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիրը, գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար, ինչը լավ առիթ է տեխնոլոգիական ոլորտի զարգացման և Հայաստանի հետ փոխգործակցության օրակարգի շուրջ մտքեր փոխանակելու համար: Արկադի Վոլոժը նշել է, որ «Յանդեքս»-ն արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարված ներդրումները և հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ: Նա, մասնավորապես, ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը և վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն, Հայաստանը շարժվում է տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհով, և այս առումով տարբեր, ներառյալ՝ ծառայությունների ոլորտում նորարարական տեխնոլոգիաների տարածումը հետաքրքրական է մեր երկրի համար: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով առավել առարկայական քննարկումներ սկսել և հետագա անելիքների առնչությամբ համապատասխան հանձնարարական տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: