«Համոզված եմ՝ դա հանձնարարություն է եղել, ցանկացել են ասել, որ մենք կարող ենք խոչընդոտել՝ ինչպես դատարանի դեպքում, այնպես էլ՝ ակումբի». Արամ Հարությունյան
«Բնական է, որ այլակարծությանը և իրենց քիմքին ոչ հաճելի որևէ մտքի այդ ձևով պետք է արձագանքեն: Պարզվեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է նաև «Հայելի» ակումբով, և կարծես թե Թովմասյան քույր ու եղբայրը պոստի վրա են: Հասկանում ենք, որ այսօր շատ քիչ օջախներ են մնացել, որոնք հնարավորություն են տալիս արտահայտելու ցանկացած կարծիք, նպաստում են, որպեսզի կարծիքների հանրագումարի արդյունքում քաղաքական ուժերը, հասարակությունը կարողանան կողմնորոշվել , թե ինչ է մեզ սպասվում և ինչ քայլեր է պետք անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ կատարվածն ուղիղ կապ ունի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի հետ:
«Եթե սանիկներից սկսել էին, պետք է գային քրոջը: Ինչպես Հրայր Թովմասյանի դեպքում եմ համոզված, որ արժանապատիվ կերպով կանգնելու է պոստին, նույնն էլ՝ Անժելա Թովմասյանը: Համոզված եմ, որ պատվով գործը լավ են կատարելու: Սա այն մասսան է, որ փորձում է վարչապետին դուր գալ… Ես համոզված եմ՝ դա հանձնարարություն է եղել, ցանկացել են ասել, որ մենք կարող ենք խոչընդոտել՝ ինչպես դատարանի դեպքում, այնպես էլ՝ ակումբի: Այստեղ խնդիրն այն է, որ մյուս լրատվամիջոցներն իրենց պարկեշտ պահեն: Ինձ համար տգեղ է Նվեր Մնացականյանի այսօրվա պահվածքը: Պարզվեց, որ Նվերը միշտ նվեր է բոլոր իշխանություններին: Կարևոր է, որպեսզի մամուլի միջոցները հստակ դիրքորոշում արտահայտեն: Մի առիթով ասել եմ՝ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն իր պլանների մասին նախօրոք է ասում, բայց վատ է, որ ամեն գնով փորձում է պլաններն իրագործել, և արդյունքում՝ երկիրը կարող է ցնցումների մեջ հայտնվել: Քաղաքական ուժերը լուրջ անելիք ունեն, որովհետև, ինչպես լրատվամիջոցները մեզ մենակ չեն թողել, այնպես էլ մենք պետք է իրենց մենակ չթողնենք: Պետք է հասկանանք, որ այս ճակատամարտը հանուն հավերժական Հայաստանի է: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ ունենալ անկախ պետություն»,- նշեց Արամ Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով՝ հստակ հաղորդագրություն է ուղղված Հրայր Թովմասյանին:
«Հստակ դա մեսիջ է՝ ուղղված Հրայր Թովմասյանին: Երբ ՍԴ-ում հարցը քննարկվի, ճնշումներ են լինելու մյուս դատավորների վրա: Այսինքն, մեսիջն ուղղված էր նաև ՍԴ մյուս դատավորներին: Այստեղ օրենքի մասին խոսելն անիմաստ է, որովհետև ՀՀ-ում իշխանություններն այնքան շատ են սահմանադրական կարգը տապալել և Սահմանադրությունը խախտել, որ հաշիվը կորցրել ենք: Քայլերը, որը անում են, մեկ նպատակ ունեն՝ իրենցով անել ՍԴ-ն, իսկ հիմնական խնդիրն այն է, որ վերցնելով իշխանության բոլոր թևերը, իրագործել այն ծրագիրը, որի համար իրենց բերել են իշխանության: Դա ռուսական բազան այստեղից հանելն է, Իրանի սահմանը փակելը և Բոլթոն-Բլեյան պլանով լուծել Արցախի հարցը: Խանգարում է Ռ.Քոչարյանը, մեկուսացված է, խանգարո՞ւմ են գեներալները, հերոսները, մեկուսացված են, քրեական գործեր են հարուցված: Սրանից հետո սկսվելու է լրիվ ուրիշ օպերա, որը, համոզված եմ, առանց զոհերի չի լինելու»,- հավելեց Արամ Հարությունյանը:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ նկատեց.
«Ասել եմ, որ ՍԴ-ի վրա հարձակումից հետո տեղի է ունենալու հարձակում 4-րդ իշխանության՝ լրատվամիջոցների դեմ, ապա հարձակումներ են տեղի ունենալու քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների վրա, որովհետև այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է իշխանությունը, դա բոլորին լռեցնելու, հասարակական մանիպուլյացիաների շնորհիվ ամբոխի տրամադրությունները թելադրելու և ողջ աշխարհին ի ցույց դնելու, թե որքան մեծ աջակցություն ունի ներկայիս իշխանությունը: Կարևոր չէ, թե ակումբի վրա հարձակվող 4 երիտասարդի նման քանի հոգի է մտածում, կարևոր է, որ իրենց հնարավորություն ենք տվել, որ այդպիսի բան անեն: Այսօր խոսում ենք հետևանքների մասին, չենք խոսում քաղաքական ուժերի, լրատվամիջոցների քայլերի մասին:
Եղել է ոտնձգություն՝ ժողովրդավարության հարցում, հարձակում լրատվամիջոցի վրա՝ անկախ նրանից, թե այդ ԶԼՄ-ն ում կողմնակիցն է կամ ում շահերն է ավելի շատ պաշտպանում: Նույնը կասեի, եթե հարձակում տեղի ունենար «Ազատություն» ռադիոկայանի կամ «Հայկական Ժամանակի» վրա, որովհետև որևէ իշխանություն, որևէ քաղաքական ուժ իրավունք չունի՝ հոդված գրելու համար թույլ տա կամ կազմակերպի, որ նման մեթոդներ ձեռնարկվեն՝ լրագրողներին լռեցնելու համար՝ անկախ նրանից, որ մենք պատկերացնում և հասկանում ենք և Ա.Թովմասյանի կարգավիճակն ու դերը՝ կապված Հրայր Թովմասյանի հետ: Անկախ նրանից, թե ինչ հոդված է գրվել ու ինչ վերնագրով, որևէ մարդ նման բան չի կազմակերպի, եթե չլինեն դուխ տվողներ: Կասկած չկա, որ սա ֆաշիզմի դրսևորում է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը և ձվեր նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանը պահանջել էր փակել լրատվամիջոցը:
Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր եղել։ Ակցիայի մասնակիցները նշել էին, որ պատրաստ էին նույնը ներսում անել, եթե ակումբի դռները բաց լինեին:
Անի Կարապետյան