«ֆինանսների նախարարի նման աշխատաոճը դատապարտելի է, երբ մենք փորձում ենք կառուցել օրենքի երկիր». Մանե Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:
Սա, բնապահպանական ծրագրերի և ոլորտի զարգացման կարևորագույն երաշխիքներից է, որը բացառիկ է բյուջետային համակարգում:
Եվ այսպես,
✅2019թ բնապահպանական ծրագրերի ծախսերը չեն կարող պակաս լինել 40,1 մլրդ դրամից, ծախսերը կազմում են 11 մլրդ դրամ` մոտ 30 մլրդ դրամով պակաս:
✅2020թ բնապահպանական ծրագրերի ծախսերը պետք է լինեն առնվազն 54,2 մլրդ դրամ, այնինչ մի քանի օր առաջ կառավարության կողմից հավանություն ստացած նախագծով նախատեսվում է մոտ 40 մլրդ դրամով քիչ՝ 15,7 մլրդ դրամ:
Այս ամենին ի պատասխան՝ ֆինանսների նախարարը ոչ միայն չհերքեց իր կողմից օրենքի խախտումը, այլ նաև հաստատեց, որ բյուջեն կազմելիս կարևոր չէ պահպանել Բյուջետային համակարգի մասին օրենքի պահանջը, քանի որ իր կարծիքով կարող է պետք չէ այդքան գումար հատկացնել բնության պահպանմանը:
Բյուջետային գործընթացի կազմակերպման գլխավոր պատասխանատու ֆինանսների նախարարի կողմից նման աշխատաոճը դատապարտելի է, երբ մենք փորձում ենք կառուցել օրենքի երկիր:
Հուսով եմ, Ազգային ժողովը չի պատրաստվում կառավարության կողմից օրենքի խախտումով կազմված բյուջեն այս տեսքով հաստատել և բնապահպանական ծրագրերի մասով օրենքով պահանջված ևս 38,5 մլրդ դրամը կներառվի բյուջեում:
Բնապահպանական ծախսերը մարդու կյանքի և առողջության պահպանման գլխավոր գործոններից է, որի նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անընդունելի է»:
Բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող…
Gepostet von Մանե Թանդիլյան – Mane Tandilyan am Donnerstag, 3. Oktober 2019