«ԵԱՏՄ-ում ավելի քան 60 խոչընդոտի հարցը ներառված է համատեղ աշխատանքի օրակարգում». Նիկոլ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության տարածքում առկա 60-ից ավելի խոչընդոտների ու արգելքների լուծման հարցը ներառված է համատեղ աշխատանքների օրակարգում. դրանց լուծումը կիրականացվի կգնան քայլ առ քայլ: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: Պատգամավորը նկատեց, որ ԵԱՏՄ-ում առկա խնդիրները նաև Հայաստանի լուծելիք հարցերն են:
«Քաղաքացիները հաճախ բողոքում են, որ ապրանքներն արտահանելիս բախվում են կոռուպցիոն ռիսկերի, կա նաև իրավական ակտերի հարմոնիզացիայի խնդիր»,-ասաց Ենգիբարյանն ու հետաքրքրվեց, թե խնդիրների ուղղությամբ ինչպիսի քայլեր են տարվում Հայաստանի նախագահության տարում և ինչպիսին պետք է տարվեն: Վարչապետը շեշտեց՝ հենց ԵԱՏՀ-ն և կոլեգիան արդեն մեկ տարուց ավելի է, ինչ արձանագրել են, որ ԵԱՏՄ տարածքում կան 60-ից ավելի խոչընդոտներ ու արգելքներ, որոնք խոչընդոտում են ինտեգրացիոն գործընթացին:
«Այդ խոչընդոտներն ու արգելքները վերաբերում են օրենսդրությանը, կարգավորումներին: Դրանք ԵԱՏՄ-ի ընդհանուր տրամաբանության մեջ պետք է, որ գոյություն չունենային, բայց շարունակում են գոյություն ունենալ: Ընդհանրապես ԵԱՏՄ-ն 4 ազատ տեղաշարժի՝ աշխատուժի, կապիտալի, ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժերի մասին է: Հենց ԵԱՏՄ-ի մարմիններն են արձանագրում, որ այս խնդիրները լիարժեքորեն լուծված չեն: Եվ այդ 60 խոչընդոտներն ու արգելքները ներգրավված են մեր համատեղ աշխատանքի օրակարգում, մենք պետք է քայլ առ քայլ գնանք լուծման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ հնարավոր չէ 60 խոչընդոտը միանգամից վերացնել, քանի որ խոսքը գնում է տարբեր երկրների օրենսդրությունները նույնականացնելու, մոտարկելու մասին: Փաշինյանը նկատեց նաև, որ ընդ որում այդ երկրների օրենսդրությունների սինխրոնիզացիայի համար յուրաքանչյուրում տարբեր տիպի գործընթացներ են անհրաժեշտ: