Բաժիններ՝

Աղոթող երեխայի լուսանկարը՝ «Դեպի Լույս» ցուցահանդեսի հաղթող

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում բացվեց «Աստվածամոր տուն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն ամփոփում էր աղոթքի թեմայով հիմնադրամի հայտարարած լուսանկարչական մրցույթը։

Մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը տրվել էր օգոստոսի 18-ին՝ Աստվածամոր Վերափոխման տոնին, իսկ ավարտը՝ սեպտեմբերի 8-ին՝ Աստվածամոր ծննդյան օրը։ Հիմնադրամը ստացել է 151 հայտ, որոնք ներկայացվել են պատվավոր ժյուրիին։ «Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթի պատվավոր ժյուրիի անդամներն էին  Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քհն. Արթենյանը, լուսանկարիչ Հրայր Բազե Ավետիքյանը, «ՊիքսԱրտ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը, հաղորդավար, դերասան Նազենի Հովհաննիսյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Ցուցահանդեսի բացման օրը ժյուրին հայտարարեց առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լավագույն լուսանկարներն ու դրանց հեղինակներին։ Այդ լուսանկարների, ինչպես նաև մրցույթին ներկայացված և ժյուրիի ընտրած լավագույն 40 լուսանկարների հիման վրա էլ ձևավորվել էր «Դեպի Լույս» խորագրով ցուցահանդեսը։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ այն բացահայտում է քրիստոնյաների՝ մասնավորապես՝ մեր երիտասարդ մասնակիցների կյանքում աղոթքի կարևորության դերը։

Կարդացեք նաև

«Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթի ժյուրիի անդամներից Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մասնակիցները փորձել են անել առավելագույնը՝ իրենց պատկերացումները լուսանկարի տեսքով ներկայացնելու համար:

«Մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին, կարծում եմ՝ յուրաքանչյուր դիտողի լուսանկարները մի բան կսովորեցնեն և, հատկապես, դեպի լույսը տանող ճանապարհը ցույց կտան»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Այսպիսով, երրորդ տեղը զբաղեցրել էր Զառա Ղազարյանը, երկրորդ տեղում Նարեկ Առաքելյանն էր: Հաղթող էր ճանաչվել Կարպիս Կետիկյանը, ով  ներկայացրեց աղոթող երեխայի լուսանկարի ստեղծման պատմությունը.

«Լուսանկարն արվել է Գյումրիում՝ բարեգործական միջոցառման ժամանակ, երբ կառուցում էին «Թումո» կրթական համալիրը: Ես սովորել եմ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ինձ հետ խաչեր էի բերել: Լուսանկարում պատկերված փոքրիկ բալիկը վազվզում էր բակում, և, ինչպես ես հասկացա՝ որբ էր, խաչերից մեկը նվիրեցի նրան: Անչափ հուզվել էր, վազելով գնաց թաղամասում գտնվող սրբապատկերի մոտ և սկսեց աղոթել»:

«Աստվածամոր տուն» հիմնադրամը կյանքի է կոչվել 2019 թվականի հունիսին՝ Երևանում: Իրականացնում է կրթական և մշակութային ծրագրեր՝ ուղղված հայ աշխարհականներին՝ շեշտը դնելով ժամանակակից աշխարհում կյանքը քրիստոնեաբար ապրելուն նպաստող բովանդակություն ստեղծելու վրա։  «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը հիմնադրամի անդրանիկ ծրագիրն է։ Այն իրականացվում է գործընկեր Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման աջակցությամբ:

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 8-ը։

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս