«Մերսի քեզ, Սերժ Ազատիչ»
Ապացուցված բան է, որ, երբ մարդու մոտ որևէ բան չի ստացվում, նա փորձում է այդ ամենի մեջ կամ մեղավորներ փնտրել, կամ ուղղակի արդարանալ՝ ապացուցելով, որ տեղի ունեցածում իր մեղքի բաժինը քիչ է։ Իսկ եթե ամեն ինչ պսակվում է հաջողությամբ, տվյալ անհատը կամ ձայն չի հանում, կամ հպարտ կեցվածք է ընդունում, թե դա հենց այդպես էլ պետք է լիներ։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ մի ձեռքբերում չեն գրանցում, իսկ գլխավոր ձախողումը արտաքին քաղաքականության ոլորտում է, որտեղ գրեթե բոլոր ուղղություններով «պռավալներ» են։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ թմբկահարում է, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն հենց այդ «փայլուն» հարաբերություններով են պայմանավորված պարբերական բնույթ ստացած ձախողումները՝ առաջիկայում գազի գնի բարձրացումը, Հարավկովկասյան երկաթուղիների աշխատանքի հնարավոր դադարեցման մասին մեսիջները, և այլն։
Իրանի հետ հարաբերությունները ևս ռիսկային են, չնայած նոր իշխանություններն ասում են, թե «իրենք ամեն ինչ անում են պատմական հարևանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացման համար», սակայն փաստ է, որ Իրանում միանշանակ չեն ընդունել Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու փաստը, ինչը, ըստ ամենայնի, անհետևանք չի մնա։
Եվրոպական ընտանիքի հետ հարաբերությունների մասին շատ է խոսվել, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման շուրջ. փաստն այն է, որ մինչ օրս դեռևս հստակեցված չէ, թե ինչ քայլեր ու մոտեցումներ ունեն ՀՀ «ժողովրդավարական» իշխանությունները՝ Հայաստանի համար այդ գերկարևոր փաստաթութը կյանքի կոչելու և իրականացնելու համար։ Ահա նման ակնհայտ ձախողումների ֆոնին, սակայն, ՀՀ ապիկար իշխանությունները փորձում են «իրենցով» անել դեռևս նախորդ իշխանությունների կողմից իրականացված արտաքին քաղաքական ձեռքբերումները, հատկապես՝ դեռևս տարիներ առաջ ձեռք բերված համաժողովների և միջազգային կոնֆերանսների հետ կապված քայլերը։
«Կոռումպացված ռեժիմի» կողմից նախապես կազմակերպված ու պլանավորված առաջին լուրջ միջոցառումը, որը «սեփականաշնորհվեց» Փաշինյանի իշխանության կողմից, նախորդ տարի հոկտեմբերին տեղի ուեննցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթաժողովն էր, որի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր գործընթացներն արվել էին նախորդ իշխանությունների կողմից, իսկ այդ համաժողովի դափնիները վայելեց փաշինյանական կառավարությունը։
Ներկայումս իշխանական ողջ թիմը՝ իր բոլոր հնարավոր ջատագովներով, փորձելու են իրենց արտաքին կարևոր «ձեռքբերումը» համարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սպասվող ԵԱՏՄ գագաթաժողովը, որը, ի դեպ, նույնպես նախորդների «սխալ ու ազգակործան» քայլերից էր, ինչը տևական ժամանակ քննադատվել է նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից, քարկոծվել նրա թիմակիցների և «քաղհասարակության» բլոկի ներկայացուցիչների կողմից՝ որպես «ՀՀ պետականության կորստին ու հայ ազգի ստրկացմանն» ուղղված քայլեր։ Սակայն փաստացի այսօր տեսնում ենք, որ այդ ամենը նախկին քաղաքական ղեկավարության ճշգրիտ հաշվարկի ու հեռանկարային քաղաքականության պտուղն է։
Նախկին համակարգի կողմից կիրառված քայլերից էր նաև ԵԱՏՄ գործընկերության ընդլայնմանն ուղղված ռազմավարությունը, որի շրջանակներում ԵԱՏՄ գագաթաժողովին հնարավորություն են ստացել մասնակցել Իրանը, Սինգապուրը և շատ այլ գործընկեր պետություններ։ Դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ որոշում ընդունվեց, որ ՀՀ-ն պետք է ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը, և գագաթաժողովի կայանալու մասին նախաձեռնության շուրջ պայմանավորվածությունը նույնպես նրա օրոք կայացված որոշում է։ Փաշինյանական թիմը այս գագաթաժողովից փորձելու է հնարավորինս շատ շոու էֆեկտ ստանալ՝ որպես արտաքին քաղաքականության «փայլուն ձեռքբերում»։
Անցած վեց տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ արտաքին տնտեսական ցնցումների և տարածաշրջանում նեգատիվ միտումների առկայության պարագայում՝ դեպի ԵԱՏՄ Հայաստանից արտահանումն ավելացել է, ներմուծվող ապրանքների գները նվազել են:
Սակայն ցանկացած վերջնական եզրակացություն ՀՀ ԵԱՏՄ անդամակցության արդյունքների մասին դեռ վաղ է անել: Հիմնական ինտեգրացիոն ինստիտուտները գտնվում են ձևավորման գործընթացում, իսկ անդամ-պետությունների տնտեսական համակարգերը դեռևս չեն գտել կոոպերացիայի առավել օպտիմալ/նպատակային ձևը: Ներկա պահին հստակ երևում է, որ կա ինտեգրացիոն միավորման մեծ պոտենցիալ: Նշենք մի փաստ ևս. առաջիկայում Երևանում տեղի է ունենալու նաև Համաշխարհային տեխնոլոգիական գագաթաժողովը, որի որոշումը կայացվել է դեռևս 2015 թվականին՝ Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ սա նույնպես նախորդների վարած «անհեռատես» քաղաքականության պտուղներից է։
Այնպես որ, առաջիկայում համաշխարհային դեմքերի, IT ոլորտի առաջատարների, ինչո՞ւ ոչ՝ Բարաք Օբամայի ու Քիմ Քարդաշյանի Հայաստան գալու թագ ու պսակը միանշանակ Փաշինյանի ու նրա թիմի աշխատանքի արգասիքը չէ։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խորամանկորեն կապիտալիզացնում և իր իշխանությանն է փորձում վերագրել նախորդների կողմից կատարված յուրաքանչյուր դրական քայլ (Անգելա Մերկելի հետ Հյուսիսային պողոտայում արած սելֆին էլ Փաշինյանին «փեշքեշ»), իսկ ցանկացած բացթողում ներկայացնում է՝ որպես ձախողում ու կոռուպցիոն սխեմա։
Արմեն Հովասափյան