Բաժիններ՝

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են տարածել

Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

Հարգելի բարեկամներ,

մենք՝ Թուրքիայի հայ համայնքի անդամ հանդիսացող ներքոստորագրյալներս, ուզում ենք մեր մտքերը փոխանցել ձեզ՝ պատրիարքական ընտրության վերաբերյալ որոշումներ ընդունելու նախօրեին։ Որշումներ, որոնք կենսական են և հիմնովին ազդելու են մեր ապագայի վրա։

Նախևառաջ բոլորս ականատեսն ենք այն բանի, թե համայնքի ներսում առկա վերջին տասը տարիների կառավարման ճգնաժամը ինչպիսի խորը և բացասական ազդեցություն է թողել հանրության վրա։

Ցավով ենք արձանագրում, որ այս դժվարին տասը տարիներից հետո անցյալ շաբաթ մեզ հասած պատրիարքական ընտրության կանոնադրությունը վտանգում է պատրարքության բնական թեկնածու հանդիսացող եպիսկոպոսների միջև ընտրություն կատարելու համայնքային իրավունքը, որը ձեռք է բերվել դեռևս 1961 թվականին։ Նկատի առնելով, որ նման իրավունքի ոտնահարումը Թուրքիայի հայերը անհնար է, որ լռությումբ ընդունեն՝ ուզում ենք հավատալ, թե հնարավոր սխալը կանխելու ուղղությամբ բոլոր միջոցները գործի կդնեք և մինչև վերջ կպաշտպանեք մեր համայնքային շահերը։

Պատկան մարմիններին խնդրագիր ներկայացնելով և ընդդիմանալով հայ համայնքի ապագան և ներկան վտանգող նման պարտադրանքի առջև կարող եք հույս և կորով տալ Թուրքիայի հայությանը։ Այլապես ուզում ենք հիշեցնել, որ կատարվելիք ընտրության օրինականությունը ընդմիշտ կդրվի հարցականի տակ։

Իսկ մեր հանրության առողջ կերպով ներկայացվելը վտանգող բոլոր այս զարգացումներին համակերպվելը ոչ միայն ձեր, այլև ներկայի առջև պատասխանատվություն ունեցող մեր բոլորի ճակատին սև բիծ է դառնալու։ Մաղթում ենք, որ դուք, այս ծանր բեռը ձեր ուսերին կրելով, մաս և բաժին չունենաք այդ ամոթին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):

Կանոնադրության 25-րդ կետում առաջ է քաշվել 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս