Դանակահարված տղամարդը մահացել է. ոստիկանություն
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ժամը 23․45-ին տղամարդը ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառել է Ռուբինյանց փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը։ Նա սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 04.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ տղամարդու վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել, և նա գիտակցության չգալով՝ մահացել է:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: