Նախապատրաստվում են հակապուտինյան պիկետներ
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդառաջ հայաստանյան որոշ հասարակական կազմակերպությունների (հ/կ) շրջանում իրական աժիոտաժ է։
Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին նշյալ նիստին մասնակցելու նպատակով ընդամենը մի քանի ժամով Հայաստան է այցելելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ մեր աղբյուրի՝ արևմտյան որոշ հ/կ-ների և հիմնադրամների հետ համագործակցող կազմակերպությունների կոնսոլիդացիա է այս օրերին տեղի ունենում։
Նրանք մտադիր են Պուտինի այցի օրը տարբեր վայրերում կազմակերպել հակապուտինյան պիկետներ, հանրահավաքներ՝ կոնկրետ լոզունգներով։Կազմակերպություններից առաջամարտիկը «Ռեստարտն» է, որն այժմ ցանցային սկզբունքով փորձում է մարդկանց հավաքագրել։ Աղբյուրի հավաստմամբ՝ «Ռեստարտից» բացի, ներգրավված են մի շարք այլ «սորոսամերձ» հասարակական կազմակերպություններ, որոնց ներքին կարգով աջակցում են փաշինյանական կառավարության և Ազգային ժողովի այն ներկայացուցիչներն ու պատգամավորները, որոնք իրենց կազմակերպություններով աշխատել և շարունակում են աշխատել արևմտյան ուղղվածության որոշ կազմակերպությունների և ֆոնդերի հետ։