Ֆիլմերի նկարահանման համար Ազգային կինոկենտրոնը ստացել է 120 հայտ
Հայաստանի ազգային կինոկենտրոնին վերապահված կարևոր գործառույթներից մեկը ֆիլմերի նկարահանման հայտերի ընդունումն ու ֆինանսների վերաբաշխումն է։
Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ նախկինում եղել է միջինը 25-27 հայտ։
«2018 թվականին մշակվել է կանոնակարգ, որով մի փոքր փոփոխություններ եղան և ընդունվեցին մոտավորապես 40 հայտեր, այս տարվա համար արդեն 120 հայտ ունենք։ Շատերն են դիմում, ես տեսնում եմ նոր անուններ, որոնք տարիներ առաջ չեն դիմել, փորձ չեն էլ արել։ Այս նոր կանոնակարգով մեծ ուշադրություն ենք դարձնում դեբյուտներին։ Դրանով ֆիքսված է, որ բյուջեի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտներին՝ նպատակը, որ կարողանանք գտնել նոր անուններ, և պետությունը կարողանա նրանց աջակցել՝ լավ ֆիլմերի ստեղծման ակնկալիքով։ Կարևոր եմ համարում տեղեկացնել, որ հայտերի ուսումնասիրության համար ստեղծված հանձնախումբը փոխվել է»,- շեշտեց նա։
Շուշանիկ Միզախանյանը նաև հավելեց, որ արդեն սկսել են կարճամետրաժ ֆիլմերի հանդիպում-զրույցները։
Ըստ նրա՝ 2006 թվականից Ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը ծավալելու համար վարձակալում է տարածքներ տարբեր վայրերում, և մինչ օրս մոտավորապես 10 մլն դրամ Հայաստանի բյուջեից գումար է տրվել միայն վարձակալությանը։
«Մինչդեռ մենք ունենք տարածք Տերյան 3ա հասցեում, որը կարելի էր վերականգնել, և չանել նման ծախսեր։ Այսինքն՝ վարձակալության 50 տոկոսն էլ եթե դնեինք այդ տարածքի վարձակալության վրա, ապա կունենայինք սեփական տարածք։ Այժմ հնարավոր է դարձել, որ ունենանք մեր սեփական տարածքը։ Իմ նշանակված օրվանից բազմիցս դիմել եմ Մշակույթի նախարարությանը, որպեսզի գումարներ հատկացնի, և մենք Տերյան 3ա հասցեում վերականգնենք մեր տարածքը։ ԿԳՍՄ փոխնախարար Արայիկ Խզմալյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդականը եկան այդ տարածք, այն տեսան և միանգամից որոշում կայացրեցին։ Նախարարն արձագանքեց, և նրա հանձնարարությամբ նախարարությունը մեզ հետ աշխատանքներ է տանում, որպեսզի անենք նախագիծ-նախահաշիվ և ներկայացնենք նախարարությանը»,- շեշտեց Շուշանիկ Միրզախանյանը։
Նա հույս հայտնեց, որ շուտով Կինոկենտրոնը կունենա իր սեփական տարածքը։
«Որպես տնօրեն, իմ նպատակն է՝ այդ տարածքն այնպես սարքել, որը կլինի կինոյի օջախ, կազմակերպենք կինոդիտումներ, այսինքն՝ լինի այնպիսին, ինչ եղել է տարիներ առաջ»,- եզրափակեց Շ. Միրզախանյանը։
Զվարթ Խաչատրյան