Բաժիններ՝

Քաֆթանջըօղլու․ «Թուրքիայում իրավունք չի մնացել․ անհնար է բարեփոխել այն, ինչ գոյություն չունի»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն սոցցանցերում կատարած գրառումների պատճառով դատապարտվել է 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Եթե դատավճիռը վավերացվի, ընդդիմադիր գործիչը կազատազրկվի։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Գերմանիա այցի ընթացքում «Deutsche Welle» պարբերականին տված հարցազրույցում Քաֆթանջըօղլուն նշել է, որ իր դեմ թուրքական  դատարանի նշանակած պատժամիջոցը ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սա քրեական գործ չէ, պատժիչ գործ է։ Հասարակությունն արդեն տեսնում է, որ այս որոշման  պատճառները ոչ թե իրավական են, այլ քաղաքական», – նշել է Քաֆթանջըօղլուն։

Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ներկայացված դատական բարեփոխումների նախագծին՝ Քաֆթանջըօղլուն ասել է․ «Ես այն մարդկանցից եմ, ովքեր համոզված են, որ Թուրքիայում օրենք և իրավունք չի մնացել, ուստի  հնարավոր չէ բարեփոխել այն, ինչը գոյություն չունի»։

Խոսելով Թուրքիայում կին քաղաքական գործիչ լինելու դժվարությունների մասին՝ Քաֆթանջըօղլուն նկատել է տվել, որ Թուրքիայում պարզապես կին լինելն էլ շատ դժվար է։

Նշենք, որ ԺՀԿ-ի 96-ամյա պատմության մեջ Ջանան Քաֆթանջըօղլուն առաջին կին գործիչն է, ով ղեկավարել է կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցը։ Նա դատապարտվել է 7 տարի առաջ կատարած գրառումներում «Թուրքիայի պետությունը հրապարակավ ստորացնելու», «Թուրքիայի պետական պաշտոնյային /Էրդողանին/ հրապարակավ վիրավորելու», «Հանրապետության նախագահին վիրավորելու», «Ժողովրդի մեջ հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «Ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու» մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս