«Մի փոքր այլ շեշտադրումներ կցանկանայի տեսնել Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում». Սուրեն Սարգսյան

«Վարչապետը ՄԱԿ-ի իր ելույթում արտաքին քաղաքական նոր թեզեր առաջ չքաշեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ՄԱԿ ԳԱ-ի 74-րդ նստաշրջանին:

Հիշեցնենք, որ նախօրեին Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, անդրադառնալով հայաստանյան ներքին գործընթացներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը ու ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի:

Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ ելույթից օրեր առաջ հոդված էր հրապարակել, որում իր մոտեցումներն էր ներկայացրել, թե ինչի մասին կցանկանար, որպեսզի ՀՀ վարչապետը խոսեր, կամ ինչի մասին կցանկանար, որպեսզի վարչապետը չխոսեր:

«Ես անդրադարձել էի այն հարցին, որ ՀՀ ներքաղաքական գործընթացները միջազգային հանրությանն առանձնապես չեն հետաքրքրում, որովհետև երբ ելույթ ես ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, պետք է հաշվի առնես, որ դու խոսում ես ոչ թե քո ներքին քաղաքական օրակարգի մասին, ոչ թե պետության ներսի, այլ քո պետության արտաքին քաղաքականության, բարեփոխումների և ընդհանրապես ապագայի նկատմամբ քո տեսլականի մասին: Ես կարծում եմ, որ սա պետք է որպես շեշտադրում լիներ: Վարչապետն անդրադարձավ արտաքին քաղաքական խնդիրներին, Արցախի հարցին, Թուրքիայի նկատմամբ մեր վերաբերմունքին կամ նրանց վերաբերմունքին մեր նկատմամբ, բայց միևնույն է՝ ես մի փոքր այլ շեշտադրումներ կցանկանայի տեսնել, որովհետև դրանք շատ կօգնեին, որպեսզի Հայաստանը հենց այդ ամբիոնից աշխարհին ներկայացներ իր դիրքորոշումները:

Ես կցանկանայի, որպեսզի վարչապետը վերջապես հստակեցներ՝ արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների կողմ, թե՞ այդուհանդերձ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ես կցանկանայի, որպեսզի Թուրքիայի նկատմամբ առաջ քաշվող մեղադրանքները կրեին նաև միջազգային իրավունքի հիմքեր, Հայաստանը Թուրքիային մեղադրեր նաև այն բանում, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող պետություն է, և միջազգային ակտերով Թուրքիան պարտավոր է այս հարցում Հայաստանի համար ելք ապահովել դեպի ծով: Այլ հարցեր ևս կան, որոնց կարելի էր անդրադառնալ այդ ամբիոնից»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով նաև, որ վարչապետն ինքն է որոշում, թե ինչից խոսի նման ամբիոնից, թե որոնք են միջազգային հանրությանը հասցվելիք լավագույն մեսիջները:

Ուստի, ըստ նրա, եթե Ն. Փաշինյանը նպատակահարմար է գտել, որ աշխարհը ևս մեկ անգամ պետք է լսի հեղափոխության և ներքաղաքական գործընթացների մասին, և եթե նա կարծում է, որ դա միջազգային հանրությանը հետաքրքիր է, ապա իր բացառիկ իրավունքն է այս թեմաների մասին խոսելը:

Սարգսյանի խոսքով՝ իհարկե, միջազգային հանրությանը հետաքրքիր է այդ ամենը, բայց միևնույն ժամանակ՝ շատ ավելի հետաքրքիր կլիներ վարչապետի տեսլականը մեր պետության ապագայի մասին, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, մարտահրավերների, միջազգային գործընթացներում Հայաստանի ներգրավվածության մասին, այսինքն՝ խոսելու և ասելու համար շատ բաներ կար իրականում, բայց վարչապետը այս ելույթում առանձնացրել էր այնքանը, որքանի մասին խոսել է:

Նոր թեզեր, ըստ Ս. Սարգսյանի, արտաքին քաղաքականության վերաբերյալ վարչապետն իր ելույթում առաջ չքաշեց այն առումով, որ այն, ինչի մասին տարբեր հարցազրույցներում, մամուլի ասուլիսներում, թեկուզ ֆեյսբուքյան ստատուսներում գրել էր, դրանց մասին նորից խոսեց, այն թեզը առաջ քաշեց, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որ ցանկանում է, որպեսզի Արցախի հակամարտությունը լուծվի թե Հայաստանի, թե Արցախի, և թե Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, և Ադրբեջանի նախագահը ևս պետք է ընդունի այս թեզը:

«Նոր գաղափարներ, մտքեր, թեզեր չկային ելույթում: Չեմ ասում, որ դա վատ է, ես արձանագրում եմ, որ նոր բաներ չկային: Մի առանձին թեզ էլ կար, որը նախկինում չէր ասվել՝ Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է իր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ «մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ, որ ավելի վատ է՝ բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին»:

Իհարկե, չափազանց դժվար է քաղաքականություն վարել այն ժամանակ, երբ քո բոլոր բարեկամները միմյանց հետ խնդիրներ ունեն, բառացիորեն խոսքը հարևանների և բարեկամների մասին է, երբ հարևան Վրաստանն ունի քո ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ խնդիրներ, եթե քո բարեկամ ԱՄՆ-ը և քո բարեկամ Ռուսաստանն ունեն խնդիրներ, հարևան Իրանը բարեկամ ԱՄՆ-ի հետ ունի խնդիրներ: Այսինքն՝ այս իրավիճակում, ճիշտ է ասում վարչապետը, որ դժվար է բոլորին բավարարել և արտաքին քաղաքականության մեջ այնպիսի քայլեր ձեռնարկել, որ բոլորի կողմից ընդունելի ու ընկալելի լինես: Բայց այստեղ կա մի այլ կարևոր բան, որ պետք է շատ ակտիվ աշխատել գործընկերների հետ, ներկայացնել քո քայլերի տրամաբանությունը և քո գործունեության նպատակն ու հիմքում ընկած գաղափարախոսությունը: Ուստի կարծում եմ՝ սա է միակ բանալին, որպեսզի կարողանա ինքն աշխարհին ներկայացնել, թե այս արտաքին քաղաքական քայլը ես այսպես եմ արել, որովհետև սա այսպես էր: Միայն այս դեպքում դու միջազգային տարբեր խաղացողների համար կլինես ընկալելի, արտաքին քաղաքականության գործիքակազմը չափազանց մեծ է, և միայն դիվանագիտությունը չէ, պետք է այս ուղղությամբ ակտիվ աշխատել»,- մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս