Բաժիններ՝

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Վանաձորում վագոն-տնակում ապրող ևս մեկ ընտանիքի նոր բնակարանով ապահովեցին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 24–ին Վանաձորում վագոն-տնակում ապրող եւս մեկ ընտանիքի նոր բնակարանով ապահովեցին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանի խոսքով՝ Ծրագրի այս փուլում բնակարանով ապահովվել են Վանաձորի տնակներում ապրող ընտանիքները, որտեղ անչափահաս երեխաներ կան։

«Բոլոր շահառուներին ինքներս երկար ուսումնասիրել ենք, ընտրել ենք վատթարագույն պայմաններում ապրողներին։ Վանաձորում սա արդեն հինգերորդ բնակարանն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ընդհանուր ծրագրի շրջանակում»,- ասաց Նատալյա Սարջանյանը։

Վանաձորի տնակից Կառլեն Սիադեղյանը կնոջ եւ 4 երեխաների հետ տեղափոխվեց 3 սենյականոց բնակարան։ Կառլենի կնոջ՝ Նարինե Դիլանյանի խոսքով, իրենք 30 տարի ապրել են վագոն–տնակում, որտեղ ոչ մի հարմարություն չի եղել։

«Շնորհակալ եմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, որ նկատել են իմ բազմազավակ ընտանիքը եւ մեծ օգնություն են արել մեզ համար։ Զգացողություններս անբացատրելի են։ Այնտեղ չունեինք ոչ մի հարմարություն, լոգարան, երեխաների համար նեղվածություն էր, քնելը դժվարություն էր, իսկ այստեղ պայծառ եւ լուսավոր է, հանգիստ կարող են քնել։ Էլ չենք կրի տնակում ապրողի պիտակը. երեխաները նեղվում էին դրանից, հիմա իրենց կյանքն էլ կփոխվի, ընկճված չեն զգա իրենց։ Այստեղ ես ավելի լավ եմ պատկերացնում մեր կյանքը, լուսավոր ինչպես այս բնակարանը»,– ասաց Նարինեն։

Կառլենի խոսքով՝ շատ անսպասելի էր, երբ իմացան, որ բնակարան են ստացել. «30 տարի ապրում էինք տնակում շատ հնարավոր էր, որ այդ 30-ը կդառնար 60 տարի, բայց արի ու տես եղավ»։

Երեք երեխաները դպրոցից շտապեցին գալ նոր բնակարանը տեսնելու համար. «Շատ եմ հավանել նոր բնակարանը, արդեն որոշել եմ, թե որն է իմ սենյակը լինելու. կահույքն էլ վարդագույն կլինի, քանի որ դա իմ սիրելի գույնն է։ Երազում եմ մեծանալ ու դառնալ պարուհի. շատ ուրախ եմ շնորհակալ եմ ձեզանից»,– ասաց Աննան։

Երեք եղբայրներից Էդուարդն էլ որոշել է ֆուտբոլիստ դառնալ. «Միշտ երազել ենք, որ այսպիսի մեծ տուն ունենանք, արդեն մեր առանձին սենյակը կունենանք։ Այնտեղ պայմանները շատ վատ էին, իսկ հիմա հանգիստ կապրենք։ Ուզում եմ ֆուտբոլի ակադեմիա հաճախել, որ մեծանամ դառնամ հայտնի ֆուտբոլիստ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս