Բաժիններ՝

Սեպտեմբերի 28-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը

Սեպտեմբերի 28-ին առաջին անգամ Հայաստանում՝ Կողբ համայնքում, կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ ուսումնասիրությունները փաստել են, որ մրգօղին կարող է լինել արտահանվող ապրանքանիշ:

Կ. Քոչարյանը ներկայացրեց նաև  միջոցառման կազմակերպման տեղի ընտրության պատճառները. «Ինչո՞ւ Կողբ համայնքում, որովհետև դա մի տարածաշրջան է, որտեղ աճում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնցից ստանում են այդ օղին»:

Նա կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը հատկապես սահմանամերձ գյուղերի համար:

Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը մեսիջ կլինի մնացած խոշորացված համայնքների համար:

Ա. Աղաբաբյանը հատուկ ընդգծեց, որ տնական օղիներից զատ՝ փառատոնի շրջանակում  կներկայացվի Կողմբ համայնքի  մշակույթն ու պատմությունը.

«Վստահ եմ, որ այցելուները կհիանան մեր մշակույթով, քանի որ գործում է թանգարան, թատրոն, տիկնիկային թատրոն, պարային խմբեր»։

Կարեն Քոչարյանը կազմակերպչական մի քանի դիտարկումներ արեց՝ նշելով, որ  փառատոնը կմեկնարկի ժամը 11։00-ին և կտևի մինչև 19։00-ն, և մասնակցությունը կլինի անվճար:

Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ լրագրողները կարող են փառատոնին միանալ Ռադիոտան մոտից՝ սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 08:00-ին մեկնող մեքենայով.

«15-17 լրագրողների կտեղավորի.  կտանի Կողբ, կսպասի, կլուսաբանեն, և հետ կբերի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս