«Որոշ ժամանակ հետո Սերժ Սարգսյանը կբացահայտի, թե ինչու էր ինքը սխալ, Նիկոլը՝ ճիշտ». Գալուստ Սահակյան
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործունեությունը շատ լավ են հիշում։
«Սա անժամանակ ու չսպասված մահ էր, նրա հետ երևի ամիսներ առաջ եմ հանդիպել։ Մոտիկ ընկերներ էինք, հանդիպում էինք, ամեն ինչից էլ կարող էինք խոսել, նայած՝ ինչ պարագայում էինք հանդիպում»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ ուղղված նախկին իշխանություններին, Գալուստ Սահակյանն ասաց, որ լավ կլիներ, եթե նման հայտարարությունները համապատասխան արվեին։
«Չեմ կարծում, որ նման հանցագործություններ են եղել, ըստ իս, եթե իրականությունն այդպիսին է, ապա համապատասխան լիազոր մարմինները կարող են բացահայտել։ Նախևառաջ պետք է մտածենք, թե ինչ իշխանություն է և ինչ է ցանկանում, ինչ սկզբունքներ ունեն, և այլն։ Այն իշխանությունը, որը ժողովրդին դեռևս չի ներկայացրել իր սկզբունքները, այստեղ որևէ բան մեկնաբանել պետք չէ»,- շեշտեց Գալուստ Սահակյանը։
Լրագրող հարցին՝ ՀՀԿ-ում մտածո՞ւմ են իրենց առաջնորդին փոխելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ոչ։
«Իհարկե, Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի ՀՀԿ-ն, նա հանրության շրջանում ունի հեղինակություն, չեմ կարծում, որ ազգային հերոսները հեղինակություն չունեն։ Որոշ ժամանակ հետո Սերժ Սարգսյանը կբացահայտի, թե ինչու էր ինքը սխալ, Նիկոլը՝ ճիշտ»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը։
Զվարթ Խաչատրյան