«Եթե քրեակատարողական հիմնարկներում լինեն օրինախախտումներ, ապա կլինեն օրենքով սահմանված համաչափ գործողություններ». Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլների հետ կապված լուրը խիստ չափազանցված է, քանի որ իրեն արդեն զեկուցել են, որ այս պահին հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ չկա, խնդիրը կապված է եղել մի քանի հոգու հետ՝ տեղափոխման հարցերի շուրջ։
«Չափազանցված ինչ-որ լուր է տեղադրվել, խոսքը 50 հոգու մասին չէ, մի քանի հոգի են դժգոհել։ Մանրամասներին չեմ տիրապետում, ՔԿ-ում հերթական շարքային իրադարձությունն է։ Անկարգություններ եղել են, բայց դրանք դադարեցվել են, որևէ նախադրյալներ, որ կլինեն նոր անկարգություններ, չկան։ Գիտեք, որ այդ անկարգությունների դրվագով հարուցվել են քրեական գործեր, որով զբաղվում են իրավապահները»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
168.am-ի հարցին՝ դատապարտյալներն առաջին բունտից հետո խոստացել էին ավելի մասշտաբային անհնազանդություն, ինչին ի պատասխան հնչեցրել էիք՝ «Թող համարձակվեն»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հնազանդությունը ճնշելու համար ուժ կկիրառեք, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.
«Հիմա այնպիսի տպավորություն է, որ մենք անպայման ուզում ենք նոր իրադարձության ականատես լինենք քրեակատարողական հիմնարկներում։ Ես ընդամենը կոչ եմ անում և շարունակելու եմ կոչ անել բոլորին ենթարկվել քրեակատարողական օրենսդրությանը և դրսևորել իրավաչափ վարքագիծ։ Կլինե՞ն օրինախախտումներ, օրինախախտումներին համապատասխան՝ կլինեն օրենքով սահմանված համաչափ գործողություններ»,- նշեց նա։
Հարցին՝ քրեակատարողական հիմնարկներում օրենքով գողեր կա՞ն, արդարադատության նախարարը պատասխանեց՝ այո, կան։
«Եթե անկեղծ լինեմ, ապա ամբողջությամբ քրեակատարողականներում նրանց ազդեցությունը վերացված չէ, սակայն գործնականում քայլեր կատարված են օրենքի շրջանակներում, քրեակատարողական ծառայողների կողմից։ Մանրամասների համար, խնդրում եմ, դիմեք Քրեակատարողական ծառայությանը, իրենք կպարզաբանեն։ Ես Քրեակատարողական հիմնարկ այցելել եմ, ծանոթացել քրեակատարողական ծառայողների և տարբեր դատապարտյալների հետ»,- շեշտեց նա։
Արդարադատության նախարարը նաև ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում կան խորքային խնդիրներ, և բազմիցս հայտարարել են, որ կան օրենքով գողերի ինստիտուտներ, որոնք ներսում ունեն որոշակի ազդեցություն։ Դրան զուգահեռ՝ հայտարարել են նաև իրենց պայքարի միջոցը և հրապարակել են ռազմավարությունը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ քրեակատարողական հիմնարկներում լինի միայն օրենքի գերակատարությունը։
Զվարթ Խաչատրյան