«Եթե նա իրենց երազանքների ղեկավարն է, ապա իրենք պարտավոր են վերադառնալ Հայաստան ու մեր քաղաքական, տնտեսական կյանքում ունենալ իրենց դերակատարությունը». Կարինե Աճեմյան

«Բոլորս կարծես ապրում ենք մի մեծ գավառական թատրոնում, որտեղ բեմադրություն է իրականացվում, որը պաթոսով, տարբեր էմոցիաներով լի է, բայց առանձնապես որևէ բովանդակություն չունի: Որևէ մեկը չի կարող ասել, թե այդ ներկայացումն ինչով է ավարտվելու: Իսկ ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, ապա ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի` առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որն անընդհատ մեզ հետապնդում է: Մարդը, ով անվերջ խոսում է բոլոր իրադարձությունների աննախադեպության մասին, իր հետ համաձայն եմ, որովհետև, եթե հիմա սկսեմ բոլոր ոլորտներում թվարկել աննախադեպ իրադարձությունները, որ կան, երևի մեկ օրը չի հերիքի: Բայց ես կանդրադառնամ ամենակարևորին:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ԱՄՆ-ում, երկու աննախադեպ հայտարարություն է արել, որոնցից մեկը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին ծնկի բերելուն: Բոլորս գիտենք, թե դարերի ընթացքում մեր թշնամիներից ովքեր են ցանկացել ծնկի բերել եկեղեցին: Այս հայտարարությունն աննախադեպ էր: Մեր ղեկավարներից որևէ մեկը նույնիսկ մտքով չէր անցկացնի նման հայտարարություն անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

«Երկրորդը վերաբերում է ադրբեջանական ժողովրդին, Արցախի հարցը լուծելու այն թեզին, որում ադրբեջանական ժողովուրդը պետք է մասնակցություն ունենա: Մարդը, ով տեսնում է, թե Ադրբեջանն ինչպիսի հայատյաց քաղաքականություն  է վարում և ինչպես է քարոզում հայատյացություն, իրավունք չունի նման հայտարարություն անել: Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է, և այդ բոլոր հայտարարությունները միայն իրենն են, և հայ ժողովուրդը որևէ կապ չունի դրա հետ»,- հավելեց նա:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ վարչապետը պայքարում է թե՛ նախկինների, թե՛ իր կողմից բերված մարդկանց դեմ:

«ԱՄՆ-ում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ամուլսարի հետ կապված պաստառներ բերած մարդկանց թույլ չեն տվել ներկա գտնվել: Միայն այն պլակատներն են թողել, որոնց վրա Նիկոլն է, իր դուխով գլխարկները…  Սա համարում եմ հետընթաց ժողովրդավարությունից, այն բոլոր զարգացումներից, որոնք եղել են երկրում: Ապրել որևէ երկրում և մեծ պաթոսով բղավել՝ Հայաստան, դա անհետևանք չի մնալու: Տեղի իշխանությունները սրան անպայման հակազդելու են: Կարծում եմ՝ մարդիկ,  ովքեր այդպիսի պաթոսով սիրում են Հայաստանը, շատ հանգիստ կարող են վերադառնալ, որովհետև դռները բաց են: Եթե նա իրենց երազանքների ղեկավարն է, իրենք պարտավոր են վերադառնալ Հայաստան ու մեր քաղաքական, տնտեսական կյանքում ունենալ իրենց դերակատարությունը: Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ նախագահը վերջերս հայտարարություն է արել՝ ասելով, որ ապագան ոչ թե գլոբալիստներինն  է, այլ պատրիոտներինն է, այսինքն՝ հայրենասերներինը: Այսինքն, շատ հետ ենք մնում կյանքից՝ մեր իբրև թավշյա հեղափոխությամբ, ժողովրդավարությամբ և գլոբալիստական մոտեցումներով:

Աննախադեպ եմ համարում Արցախի նախագահ Բակո Սահակյանին Անկախության տոնին ինչ-որ մեկի շուրթերով մարզպետ հայտարարելը: Մեր ղեկավարի դեպքում նման բան  չէր կարող լինել: Աննախադեպ եմ համարում այն, ինչ կատարվում է բոլոր ոլորտներում: Քանի որ թիրախում Արցախի անվտանգությունն է, իսկ մարդը, ով ուժով զավթել է իշխանությունը, ճնշումներով նստել այդ աթոռին և հիմա Արցախի մասին նման հայտարարություններ է անում… ինքնորոշման մասին որևէ խոսք չկա, որևէ դիվանագիտական հայտարարություն ես չեմ տեսնում»,- նշեց ՀՀԿ անդամը:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ վտանգված է նաև մեր կրթական համակարգը:

«Կան պատգամավորներ, ովքեր զբաղված են այլընտրանքային կրթության ներմուծմամբ, Հայերի ցեղասպանությունը հանվում է այդ ամբողջ կրթությունից, սեռական զարգացումը հիմնված է առանց ցենզի տարիքային թեզերի վրա: Մեր երկրի համար շատ վտանգավոր դրույթներ են առաջ բերվում և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հիմք է ստեղծվում:  Այս բոլորը, իհարկե, աննախադեպ եմ համարում: Աննախադեպ է նաև մեր ԱԺ-ն, որը չունի ընդդիմություն: Ընդդիմությունը ծառայում է Փաշինյանին և իր շահերին: ՍԴ նախագահի վերաբերյալ այսպիսի անիրավական գործընթացներ  սկսել է ընդդիմության մի առաջնորդ, ով իրավաբան է,  առանց հետևանքների մասին մտածելու»,- նկատեց ՀՀԿ անդամը:

Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին:

«Քոչարյանն անազատության մեջ է, և հարցը որևէ ձևով լուծում չի գտնում: Սա վրեժխնդրության, քաղաքական սպառնալիքների արդյունք է: Աննախադեպ է, երբ  երկրի ղեկավարը 1.5 տարի  ղեկավարելով երկիրը՝ հայտնվում է շատ մեծ երկրում և խոսում է նախկին նախագահի մասին, վարկաբեկում է նրան, ասում, որ  քրեական գործեր են հարուցված, որից հետո ՀՔԾ-ն հայտարարություն է  տարածքում, որով փաստում է, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի հանդեպ իրականում որևէ քրեական գործ չկա:

Սա, իհարկե, աննախադեպ է՝ պատասխանատվության որևէ զգացում չունենալ և այսպիսի հայտարարություն անել: Կարծում եմ, որ սա առաջինն է, միակն է և աննախադեպ է: Այս պարագայում ինչ-որ զարգացումների, տեսլականի, ծրագրերի մասին խոսել… Հստակ է, որ մարդը պայքարում է նախկինների դեմ: Իր ձևով, շատ անգրագետ և պրիմիտիվ ձևով նա խմբագրում է երկիրը, ոչ թե իր թերթը, սա կարող  է սարսափելի հետևանքներ ունենալ…»,- եզրափակեց Կարինե Աճեմյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս