«Մի սպասեք, որ կասեմ, թե «Մարտի 1»-ի գործը գտնվում է փակուղում». ՀՀ գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ ակտիվ իրականացվում է «Մարտի 1»-ի գործի քննությունը, այդ պատճառով էլ յուրաքանչյուր դետալ, հատկապես՝ գործով վկանների մահը, կարող է իր առանցքային նշանակությունն ունենալ որոշակի վարկածների ընտրության և դրանցով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար։
«Թե ինչպես կարող է ազդել, դա միայն ընդհանուր արդյունքում կերևա, այսօր ես չեմ կարող ասել։ «Մարտի 1»-ի գործի շղթան բացահայտելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, ձեռք էին բերվել փաստական տվյալներ, այո, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ դրանք բավարար էին դատավարական այնպիսի որոշում կայացնելու համար, որպիսին կայացվեց, և Գեղամ Պետրոսյանը ձերբակալվեց։
Բայց հետագա քննության արդյունքում ձեռք բերվեցին այնպիսի տվյալներ, որոնց պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը բացակայում էին։ Մեծ ու բարդ աշխատանք է կատարում քննչական մարմինն այդ ուղղությամբ։ Դուք մի սպասեք, որ ես կասեմ, թե «Մարտի 1»-ի գործը գտնվում է փակուղում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Նա վստահեցրեց, որ ճշմարտությունը կբացահայտվի՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ կանցնի։
Ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով վկա Հայկ Հարությունյանի մահվանից հետո այն պնդումներին, թե գործով վկաների անվտանգությունը պետք է ապահովվի, Արթուր Դավթյանն ասաց, որ այդ խնդիրը շատ է կարևորում, և համապատասխան հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել և օրենքով ընձեռված միջոցների շրջանակներում կանխեն և բացահայտեն գործի շրջանակներում վկայություններ տված անձանց նկատմամբ եղած ճնշումները։
Զվարթ Խաչատրյան