Փաշինյանը ճիշտ չի ասում

Վանաձորում հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:

168.am-ի հետ զրույցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ վարչապետի ներկայացրած թվերը չեն համապատասխանում իրականությանը:

«Եթե մեր հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությանը նայեք, ապա կտեսնեք, որ այն փաստում է, որ իր և վարչապետի ներկայացրած մուտքերն իրար հետ չեն համընկնում»:

Առավել մանրամասն Մանուկյանը խոստացավ անդրադառնալ այս ամսին կայանալիք հիմնադրամի նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել էր կազմակերպության հաշվետվությունը և ասել, որ հիմնադրամի գործունեության ավելի քան 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ և կատարվել ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։

Հիշեցնենք, որ մինչ այդ մեզ հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո պակասել են հիմնադրամին արվող նվիրատվությունները, ինչը նաև արդյունք է նրա, որ նոր իշխանությունը նախկինների պես դրսում բավարար լոբբինգ չի անում հիմնադրամի գործունեությունը, չի ոգևորում նվիրատուներին:

«Ակնհայտ է, որ անցած տարիներին հիմնադրամին արվող նվիրատվությունների գումարը շատ ավելին է եղել, քան հեղափոխությունից հետո: Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից հետո նվիրատվություններ չեն կատարվում, դրանք պակասել են: Ժամանակին Վիգեն Սարգսյանը բոլոր տեղերում զբաղված էր հիմնադրամի լոբբինգով, այսօր չեմ տեսնում այդ պաշտոնյաներին, որ ամեն տեղ ներկայացնեն և արժևորեն այս հիմնադրամը»,- ասել էր Մանուկյանը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս