Բաժիններ՝

Սոնա Աղեկյանը քաղաքապետին «պամպերսներ» փոխանցեց  

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի մեկնարկից առաջ Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եկել էր քաղաքապետարան՝ նիստին մասնակցելու ակնկալիքով, նրան, սակայն թույլ չէին տվել:

«Ըստ Երևանի ավագանի կանոնակարգ օրենքի՝ եթե Երևան համայնքի բնակիչը, քաղաքացին ունի օրակարգային հարցի վերաբերյալ առաջարկություն, հարց կամ առարկություն, ապա Երևանի քաղաքապետի կամ խմբակցություններից որևէ մեկի  նախաձեռնությամբ և հրավերով պարտավոր է ներկա գտնվել ավագանու նիստին, որպեսզի հայտնի իր դիրքորոշումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սոնա Աղեկյանը:

Մեր հարցին, թե ո՞ւմ հրավերով է եկել քաղաքապետարան, նա պատասխանեց, որ ոչ ոք համարձակություն չի ունեցել արձագանքել իր դիմումին և հրավիրել նիստին.

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ իշխող քաղաքական ուժը՝ հանձինս պարտադրված քաղաքապետի, վախերի ու սարսափների մեջ է, որովհետև նախընտրական խոստումներից նա պարտավոր էր կատարել գոնե աղբահանությանը վերաբերող խնդիրը, որի մասին իր քարոզարշավի ընթացքում թռվռալով բեմերի վրա՝ նշում էր, թե հնարավորինս կարճ ժամկետներում լուծումներ են ստանալու խնդիրները»:

Երևանի ավագանու նախկին անդամը նշեց, որ քաղաքային իշխանությունը ձախողել է իր գործունեությունը, ապա տեղեկացրեց, որ քաղաքապետին և նրա կողմից լիազորված անձին «պամպերսներ» են բերել հանձնելու.

«Քանի որ հասկացանք, որ քաղաքապետը վախենում է Երևանի բնակիչների աչքերին նայելուց, վախենում է խնդիրները լսի, ուստի համարձակությունը ավելացնելու համար մենք բերել ենք պամպերսներ»:

Ս. Աղեկյանը նաև քաղաքապետին հրավիրեց բանավեճի՝ ուղիղ եթերում:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս