Իրանը երկու օրվա ընթացքում կարող է հասնել ուրանի 20 տոկոս հարստացման մակարդակի

Իրանը կարող է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էնեերգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,-պաշտոնյայի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Հուլիսի 8-ին Քամալվանդին հայտարարել էր, որ Թեհրանն սկսել է ուրան հարստացնել 3,67 տոկոսից ավելի բարձր, որը միջուկային գործարքով նախատեսված առավելագույն մակարդակն է: Դա դարձել է Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների կրճատման երկրորդ քայլը: Դրանից առաջ երկիրը ուրանի ֆտորիդի (UF6) պաշարների ծավալը գերազանցել է 300 կիլոգրամով:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»:

Նախագահը նշել է, որ ներկայում քննարկման հիմնական թեման իրանական ածխաջրածինների արտահանման հարցն է: «Եթե մյուս երկրները կկարողանան մեր նավթը գնել կանխիկ գումարով կամ վարկով, ապա դա կպարզեցնի իրադրությունը, եւ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել (ԳՀՀԾ-ով նախատեսված) պարտավորությունները կատարելու համար»,-ասել է նա:

Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս