ԱԳ նախարարի խոսքով՝ դեսպաններն արտաքին հարաբերությունները ծառայեցնելու են երկրի ներքին օրակարգին

Դիվանագիտական կորպուսի ներուժը հնարավոր է օգտագործել պետության զարգացման համար: Այս մասին օգոստոսի 30-ին Գյումրիում լրագրողների հետո ճեպազրույցում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի ներուժ օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց հետ մոտիկանալ և համագործակցություն ստեղծել: Ձևաչափերը շատ են»,-նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարը: «Եվրոպայի խորհրդի հետ ունենք գործողությունների ծրագիր հաջորդ 4 տարիների համար: Այդ ծրագիրն ունենք ի շնորհիվ մեր երկխոսության, մեր գործընկեր պետությունների հետ համագործակցության: Մեր աշխատանքը նպաստում է մեր ազգային նպատակներին և դրա մեջ մտնում է նաև մեր պետության զարգացման օրակարգը»,-հավելեց նախարարը:

Խոսելով դեսպանների` հանրապետության մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու ու ներդրումները մարզեր ուղղորդելու մասին, նախարարը նկատեց, որ մարզպետների հետ ունեցած հանդիպումից հետո յուրաքանչյուր դեսպան պետք է ներկայացնի գաղափար՝ ինչպես կարող է դրան նպաստել:

«Այնպես չէ որ դա նոր է, բայց դա ավելի կիրառական ենք դարձնելու»,- ընդգծեց նա:

Նախարարը նաև նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարության համար կարևոր նպատակը ներքին խնդիրների բացահայտումն ու դեսպանների կողմից այդ խնդիրների լուծմանը նպաստող քայլերի որոշումն է: Ըստ նախարարի՝ գործնական քայլերը մեկ շաբաթից կլինեն:

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնում ծրագրային հանդիպում-քննարկում են ունեցել ՀՀ մարզպետների հետ:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս