«Այս խնդրի այո-ի կամ ոչ-ի պատասխանը հենց անձամբ վարչապետի որոշման տիրույթում է հստակ պատասխանատվությամբ»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունները վերջերս հաճախ են նշում, որ ամեն օր իրենք բախվում են կառավարման խնդիրների հետ՝ նկատի ունենալով նախորդ իշխանություններից մնացած խնդրահարույց ժառանագությունը: Իհարկե, սա խնդիր է և այս դիտարկումը թերևս նաև տեղին է: Սակայն այդ խնդիրների օպերատիվ և կարծես այլևս անկաշկանդ լուծման համար ահռելի միտք, լուծումներ և ժամանակ ծախսելու և փնտրելու փոխարեն իշխանությունները գերադասում են երկար էքսկուրսիոն PR ժամավաճառությունը:
Այս իրավիճակը՝ կառավարման որակի և նրբությունների, խնդիրներին լուծումներ տալու կարողության, հանրային կարծիքի վրա ազդեցության և վերջապես որոշումների ընդունման մեթոդաբանության և ամենակարևորը՝ ունակության լրջագույն ցուցիչներ են: Այս տեսանկյունից պետք է նշել, որ նույնիսկ Ամուլսարի հարցում`այն հեղհեղուկ դիրքային կայունությունը, որը դրսևորվում է իշխանությունների կողմից և դարձել է արդեն շատ հստակ և տեսանելի ցուցիչ՝ որոշման կայացման անկարողության առումով, վտանգավոր է, հիասթափեցնող և հետևությունների տեղիք է տալիս:
Առհասարակ Ամուլսարի խնդրի առումով թույլ արգումենտացիաները երկար հնարավոր չի լինելու ձգձգել, սա «Ստամբուլյան կոնվենցիայի» խնդիրը չէ: Այս խնդրի այո-ի կամ ոչ-ի պատասխանը հենց անձամբ Վարչապետի որոշման տիրույթում է հստակ պատասխանատվությամբ, որն ամբողջությամբ այլևս քաղաքական է:
Որքան էլ նա խուսափի և փորձի իրեն բազմակողմանիորեն ապահովագրել այս հարցի վատ քաղաքական հետևանքներից, դա այլևս անխուսափելի է:
Իշխանությունները խնդիրների լուծումների անկարողունակության կամ սեփական քաղաքական և կառավարչական թերացումները a priori հիմնավորմամբ փոխհասցեագրելը դարձրել են սովորություն, իսկ «իներցիոն» որակումը աշխատելաոճ:
Հստակ և աներկբա ասում եմ, որոշում ընդունելը, այն էլ իր հետևանքներով քաղաքական որոշում ընդունելը, Ձեր ամենաառաջնային պարտականությունն է, այն էլ Ձեր «70%» լեգիտիմության բազայով: Մինչդեռ քաղաքական լիդերի որակական հատկանիշները և ունակությունները դրսևորվում են հատկապես ճգնաժամային իրավիճակներում:
Ընդունեք այն իրողությունը, որ Դուք այլևս պատասպանատվություն կրող եք, այլ ոչ թե Ձեր իրավունքի իրացման շահառու: Ես ձեռնպահ կմնամ «լավ կառավարման» (good governance) տեսանկյունից քննարկել կառավարման ոճը և որակը և կսահմանափակվեմ միայն գոնե կառավարման վերապահումներով: Սակայն նույնիսկ այդ տեսանկյունից արդեն հստակ է, որ գոյություն ունի «որոշում ընդունելու» կարողության խնդիր և այն միայն կառավարման և լիդերության կարողությունների խնդիր չէ, այլ նաև սեփական իշխանության և անձնական լեգիտիմության կորստի վախ,իսկ սա ևս ցուցիչ է իր հեռուն գնացող ենթադրություններով»:
Gepostet von Vladimir Martirosyan am Donnerstag, 29. August 2019