Բաժիններ՝

16-ամյա շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը ժամանել է Նյու Յորք

Շվեդիայից տասնվեցամյա Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, որն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, օգոստոսի 28-ին Malizia II զբոսանավով ժամանել է Նյու Յորք։

«Շրջակա միջավայրի պահպանության համար պայքարը սահմաններ չճանաչող պայքար է, այն ընթանում է բոլոր մայրցամաքներում,-հայտարարել է Գրետա Տունբերգը՝ դիմելով իրեն դիմավորելու եկած մի քանի հարյուր մարդկանց:-Ես շնորհակալ բոլոր նրանցից, ովքեր ամեն օր հանդես են գալիս ի պաշտպանություն շրջակա միջավայրի:

Կլիմայական ճգնաժամն ամենադաժանն է այն ամենից, որոնց բախվում է մարդկությունը, եւ եթե մենք համատեղ չգործենք այդ խնդրի լուծման համար, հաջողություն չենք ունենա: Երբեք էլ ուշ չէ գործելը, եւ ավելի լավ է դա անել հիմա»: Գրետա Տունբերգն ասել է, որ ինքը մտադիր է միանալ այն ակտիվիստներին, որոնք պիկետներ են անցկացնում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ:

Սեպտեմբերի 23-ին նա մտադիր է այստեղ մասնակցել կլիմայի փոփոխության բնագավառի միջոցառումներին նվիրված գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի նախաձեռնությամբ: Գրետա Տունբերգը մարտին շվեդ եւ նորվեգացի խորհրդարանականների կողմից անվանակարգվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: 2019 թվականի փետրվարին աղջիկը երթ էր կազմակերպել Փարիզում, որին միացել էր շուրջ հազար մարդ: Նրա ձեռքին շվեդերեն մակագրությամբ պլակատ էր, որը կարելի է թարգմանել որպես «դպրոցի գործադուլը հանուն կլիմայի»:

Նույն այդ պլակատով նա ավելի վաղ հանդես է եկել Շվեդիայի խորհրդարանի մերձակայքում, իսկ ավելի ուշ ակցիաներ է կազմակերպել նաեւ այլ երկրներում: Անցյալ տարվա դեկտեմբերին նա Կատովիցայում ճառով հանդես է եկել կլիմայի փոփոխությունների հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս