Բաժիններ՝

Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքի կասեցման դեմ հանրագիրը ավելի քան 1 մլն ստորագրություն է հավաքել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում զետեղված հանրագիրը, որով պահանջվում է թույլ չտալ Համայնքների պալատի աշխատանքի կասեցում, օգոստոսի 29-ին գերազանցել է 1 մլն ստորագրության նշագիծը:

Հավաքական ուղերձը Վեսթմինսթերի կայքում գրանցվել էր օգոստոսի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշեց խորհրդարանի աշխատանքը դադարեցնել մինչեւ հոկտեմբերի 14-ը:

«Խորհրդարանի աշխատանքը չի կարող կասեցվել, եւ նա չի կարող արձակվել, քանի դեռ (ԵՄ-ի մասին Լիսաբոնի) պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների ժամկետը զգալի չափով չի երկարացվել կամ Մեծ Բրիտանիան չի հրաժարվել Եվրամիությունից դուրս գալու մտադրությունից»,- ասված է հանրագրի տեքստում, որին մեկ օրից պակաս ժամանակ պահանջվեց մեկ միլիոն ձայն հավաքելու համար:

Չորեքշաբթի Yougov ընկերության կողմից կատարված հարցման համաձայն՝ դրա մասնակիցների միայն 28 տոկոսն է պաշտպանում վարչապետի այդ քայլը: 47 տոկոսը դեմ է խորհրդարանի աշխատանքի կասեցմանը: Ընդամենը հարցմանը մասնակցել է 5,7 հազար մարդ:

Այժմ կառավարությունը պարտավոր կլինի արձագանքել հավաքական դիմումին, իսկ ավելի ուշ այն պետք է քննարկվի խորհրդարանի կողմից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրյակին հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչեւ հոկտեմբերի 14-ը: «Մենք պետք է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, հենց դրա համար էլ մենք հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը կկայանա հոկտեմբերի 14-ին»,- օգոստոսի 28-ին ասել է նա Sky News հեռուստաալիքի եթերում: Ընդսմին Ջոնսոնը հերքել է այն հայտարարությունը, թե խորհրդարանի նիստերի հետաձգումը կոչված է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը:

Ինչպես գրել է Ջոնսոնը Համայնքների պալատի պատգամավորներին հղած նամակում, խորհրդարանականները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել օրենսդրական օրակարգի վերաբերյալ, որը կառաջարկի կառավարությունը: Համայնքների պալատը կկարողանա քննարկել կառավարության ծրագիրը, այդ թվում՝ նրա մոտեցումը Brexit-ի իրագործմանը ԵՄ-ի՝ հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովի նախաշեմին, իսկ այնուհետեւ քվեարկել հոկտեմբերի 21-ին եւ 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս