Բաժիններ՝

Զուրաբիշվիլին ցանկանում է Աբխազիան Վրաստանի կազմ վերադարձնել իր նախագահության օրոք

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գլխավոր ցանկությունը եւ հիմնական նպատակը համարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը հանրապետության կազմ: Այս մասին Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին գրել է Facebook-ում:

«Հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ Աբխազիան եւ Հարավային Օսիան խաղաղ ճանապարհով կվերադառնան Վրաստանի միասնական պետական տարածք: Իմ գլխավոր ցանկությունն ու հիմնական նպատակն այն է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, իմ նախագահության ժամկետում, ինչի համար ես կօգտագործեմ բոլոր ուղիներն ու միջոցները»,- գրել է Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման 11-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես ընդգծել է Զուրաբիշվիլին, ինքը լինելու է այն բանի երաշխավորը, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները «ունենան արժանավայել կյանք, ընտրության իրավունք եւ խոսքի ազատություն, ինչպես որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, չնայած նրանց էթնիկական ծագմանը»:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են՝ լուծելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների խնդիրները հումանիտար, բժշկական ու կրթական ոլորտներում, ինչպես նաեւ բիզնեսի բնագավառում՝ «նրանց ծանր սոցիալական ու տնտեսական դրության պատճառով»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս