Բաժիններ՝

Աշնան ծիրանը հիմնականում արտահանվում է

Արարատյան դաշտավայրում ծիրանը հասունանում է նաև աշնանը: Խոշոր, «շալախ» տեսակի նման այդ ծիրանը գյուղացին շուկա է հանում խաղողի հետ միասին: 168.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի բնակիչ Արտավազդ Գևորգյանն ասաց, որ աշնան ծիրանը քաղցր, սեզոնային ծիրանից ոչնչով չի տարբերվում:

«Կա մի թերություն: Այս ծիրանը ձմերուկի պես է: Եթե չես ուտում սեզոնին` իր առավելությունը կորցնում է: Բայց ռուսի համար ի՞նչ տարբերություն, թե ո՞ր սեզոնի ծիրան են ուտում: Մեր աշնան ծիրանը դուրս են տանում, արտահանում են: Այստեղի մարդիկ չեն ուտում, մտածում են` սառեցված բերք է: Համ էլ, ամեն սեզոն իր միրգն ունի: Հայերը չեն ընդունում սեզոնից ուշացած մրգերը»,- ասաց Արտավազդ Գևորգյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ, հայկական կոլեկցիոն այգի ստեղծելու ծրագիրն է իրականացնում: Ըստ այդ ծրագրի` Հայաստանում ծիրան կաճեցվի մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում: Դա, ըստ Գյուղնախարարության, կնպաստի արտահանման ծավալների ընդլայնմանը և վերամշակողների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Գյուղնախարարության ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2013թ:

Նշենք նաև, որ ծիրանը, խնձորը առավել լավ են աճում լեռնային գոտիներում: Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում աճեցվող թե՛ ծիրանի, թե՛ խնձորի պտուղներն առավել հյութեղ և առողջ են լինում: Դա, ըստ ֆերմեր Արայիկ Ղարիբյանի, պայմանավորված է բնակլիմայական առավել մեղմ և այդ մրգերի համար հարմար պայմաններով: «Այնտեղի բերքն առավել առողջ է: Եթե Արարատյան դաշտում ձնհալից հետո որդն արդեն հայտնվում է, ապա լեռնային գոտիների մեղմ կլիմայի պատճառով՝ որդն առավել երկար է մնում սառած: Ուստի, մեկ կամ երկու անգամ մրգին բուժելով` հնարավոր է առավել առողջ և մեծ քանակությամբ բերք ստանալ»:

Մեր այն հարցին, թե Արարատյան դաշտավայրի մրգերը, մինչ սպառողին հասնելը, քանի՞ անգամ են բուժվում, ֆերմերը պատասխանեց. «Ավելի շատ: Արարատյան դաշտի գյուղացին մինչև 5-6 անգամ բուժում է իրականացնում: Մեր կլիման բարենպաստ է տարբեր հիվանդությունների, միջատների, որդերի համար: Իսկ վերջնական արդյունքն էլ այդ մրգերի դեպքում լիարժեք չի լինում: Ճիշտ է, Արարատյան դաշտավայրում ամեն բան էլ աճում է, բայց կան մրգեր, որոնք առավել հաջող բերք են տալիս լեռնային գոտիներում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս