Զարիֆը դեմ է արտահայտվել միջուկային գործարքի վերանայմանը
Թեհրանը դեմ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերանայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է՝ մենք գտնում ենք, որ ԳՀՀԾ-ի շուրջ կրկնական բանակցություններ չեն կարող անցկացվել»,- ասել է Զարիֆը, որի մեկնաբանությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հրապարակել է Իրանի ԱԳ նախարարությունը:
Իրանի արտգործնախարարը նաեւ կառուցողական է համարել Մակրոնի հետ կայացած բանակցությունները, նշելով, որ հանդիպմանը կողմերն առաջարկություններ են փոխանակել այն բանի վերաբերյալ, թե ինչպես ապահովել միջուկային գործարքի ամբողջական իրագործումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները:
«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,- ընդգծել է նա:
Նախարարը նշել է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն է համաձայնագիր»:
«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,- հավելել է նա:
Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր է, իսկ դրա ոչնչացումը կարող է բացել «Պանդորայի արկղը»:
«Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն է: ՄԵնք այսուհետեւ էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: