Գյուլը և Դավութօղլուն անհանգստացած են Թուրքիայի իշխանությունների որոշումից
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը։ Թեմային արձագանքել են նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Գյուլը, դատապարտելով տեղի ունեցածը, Twitter-ում գրել է.
«Նոր ընտրված քաղաքապետներին պաշտոններից հեռացնելը ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ չէ»։
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն էլ իր տեսակետն է հայտնել Twitter-ում՝ նշելով. «Ոչ վաղ անցյալում Վանի, Մարդինի և Դիարբեքիրի ընտրված քաղաքապետներին վարչական լծակների կիրառմամբ պաշտոնից ազատելը հակասում է ժողովրդավարության ոգուն»: Ըստ նրա՝ ընտրության ճանապարհով եկողներից ընտրությունով բաժանվելը պետք է լինի սկզբունքի հարց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։