Հրդեհից տուժած ընտանիքը ծանր վիճակում է (տեսանյութ)
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ երեկ կեսօրին Մասիսի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի բնակարանում հրդեհ էր բռնկվել:
Մեզ ահազանգող գյուղի բնակիչները նաև տեղեկացրել էին, որ դժբախտ պատահարի հետևանքով Թ. Առաքելյանը խորը այրվածքներ է ստացել, իսկ նրա երկու տարեկան երեխային մի կերպ են բռնկված կրակի միջից դուրս բերել:
Արբատ գյուղի բնակիչներն այսօր կրկին մեզ են դիմել` տեղեկացնելով, որ հինգ անչափահաս երեխաների հետ՝ Թ. Առաքելյանը ներկայումս գտնվում է ծանր վիճակում, քանի որ այրված տնակում ապրելն այլևս անհնար է: Նրանք մեզ խնդրեցին համապատասխան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել բաց երկնքի տակ հայտնված այս ընտանիքի հետ կատարված միջադեպին:
Այսօր մենք այցելեցինք Մասիսի Արբատ գյուղ: Թ. Առաքելյանի հարևանները փորձում էին հնարավոր բոլոր միջոցներով օգնություն ցույց տալ այս ընտանիքին: Տնակն իսկապես հրդեհից ամբողջությամբ այրվել էր` ընտանիքի գրեթե ողջ ունեցվածքով հանդերձ, բացառությամբ մի քանի իրերի:
Երեխաներից մեկին մայրը ստիպված հարևանի տանն էր քնեցրել, իսկ ընտանիքի մյուս անդամներն, այս պահի դրությամբ, բակում են ապրում: «Արդեն 17 տարի էս դոմիկում էինք ապրում: Երեկ առավոտյան գազը միացնելիս՝ զգացի, որ թշշոցի ձայն է, գազը (շմոն) մաքրեցի, բայց նորից թշշոցն եկավ: Գազը միացրեցի, ու կրակի շիթ բացվեց ու այդ շիթը սկսեց կամաց-կամաց շատանալ: Սարսափած փորձում էի անջատել, բայց գազը չէր անջատվում, ավելի երկարում ու ուժեղանում էր: Խուճապի էինք մատնվել, բայց չէինք կարողանում անջատել, սկսեցին վարագույրներն այրվել, կրակը տարածվեց, հոսանքալարերով, թղթերով ամբողջը կպավ: Դոմիկը երկաթից է, բայց ներսից ամբողջովին կարտոն ու թուղթ էր: Կրակը տարածվեց, երեխաներիցս մեկը քնած էր, իսկ մյուս երկուսը՝ կողքս՝ սարսափել էին: Արագ պլասկակուպցին վերցրեցի, գազի փականն անջատեցի, երեխային գրկեցի, որ դուրս հանեմ, կրակը թիկունքս, ձեռքս բռնեց: Երեխեքին լեղապատառ մի կերպ դուրս եմ հանել, իսկ փոքրիկս ուղղակի հրաշքով փրկվեց էդ կրակի միջից: Դա մի ահավոր, արտասովոր կրակ էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Թ. Առաքելյանը` հավաստիացնելով, որ կրակը բռնկվել է գազի անսարքության պատճառով:
Այս պահի դրությամբ՝ Թերեզա Առաքելյանն իր անչափահաս հինգ երեխաների հետ, բառի բուն իմաստով, բնակվում է բակում, այն դեպքում, երբ երեխաներից երեքը լյարդի հետ կապված հիվանդություն ունեն:
«Դոմիկի խոնավության պատճառով երեխաներս հիվանդություն են ձեռք բերել: Հիմա չգիտեմ՝ մեզ հետ ի՞նչ է լինելու: Ես այն վիճակում չեմ, որ դիմեմ պետական կառույցներին, որպեսզի մեզ համար կացարանի խնդիր լուծեն: Մենք շոկից դեռ դուրս չենք եկել, երեխաներս դեռ սթրեսի մեջ են»,- ասում է Թ. Առաքելյանը:
Ի դեպ, ընտանիքի հայրը մեկ շաբաթ առաջ մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: «Մեծ պարտքեր ենք արել, որպեսզի գնա աշխատի՝ ուղարկի: Եթե ես նրան տեղեկացնեմ կատարվածի մասին՝ հետ կգա, բայց ավելի մեծ պարտքերի մեջ կընկնենք: Ես ուղղակի մեր պետական կառույցներին խնդրում եմ, որ մեզ օգնեն՝ կացարանի, ապրելու տեղի հարց լուծելու համար»,- ասում է Թ. Առաքելյանը:
Նշենք, որ հրդեհի ժամանակ Արբատի գյուղապետը նույնպես տարածք է ժամանել, սակայն այսօր Թ. Առաքելյանը դեռևս տեղեկություն չուներ, թե գյուղապետն արդյո՞ք պատրաստվում է ինչ-որ կերպ աջակցել դժբախտ պատահարից տուժած ընտանիքին:
Լուսանկարներն արվել են 2006թ.
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: