ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների օրինականացման ակտը ուժի մեջ է մտնում
Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի այսպես կոչված DREAM Act-ը (ամբողջական անվանումը՝ Զարգացում, աջակցություն, կրթություն՝ օտարերկրացի անչափահասներին)՝ ի նպաստ այն ներգաղթյալների կարգավիճակի բարելավման, որոնք ԱՄՆ են մուտք գործել ապօրինի եղանակով՝ երիտասարդ տարիքում, հայտնում է BBC-ն: Oրենքի համաձայն՝ այսուհետև նրանք կարող են լրիվ օրինական մնալ Միացյալ Նահանգներում:
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք ԱՄՆ եկած լինեն մինչև 16 տարեկանը, ժամանումից հետո առնվազն 5 տարի շարունակաբար ԱՄՆ-ում գտնված լինեն, արական սեռի ներկայացուցիչները գրանցված լինեն Զինապարտության ծառայությունում, օրենքի ուժի մեջ մտնելու պահին լինեն 12-35 տարեկան, ամերիկյան միջնակարգ դպրոց ավարտած լինեն, միջնակարգ դպրոցի թեստ անցած լինեն կամ ընդունված լինեն բուհ, լավ հեղինակություն ունենան:
Նոր ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ-ում 2 տարով մնալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերել՝ աշխատելու և ուսման համար ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքով:
Երկրում օրինական մնալու իրավունքը կարելի է բազմիցս երկարաձգել, սակայն հնարավոր չէ DREAM Act-ի հիման վրա ամերիկյան քաղաքացիություն ստանալ:
Նախագահ Օբաման DREAM Act-ը սահմանել էր ուղիղ հրամանով այն բանից հետո, երբ կոնգրեսականները մերժել էին ներգաղթային համալիր բարեփոխման առաջարկը:
Ինչպես նկատել էր CNN-ը Օբաման այս փոփոխությունն արել էր նախընտրական տարում: Օբամայի վարչակազմը Dream Act-ի մասին հայտնել էր այս տարվա հունիսին, իսկ նախագահն օրենքի առիթով մասնավորապես ասել էր. «Իմաստ չունի վտարել այդ օժտված երիտասարդներին, որոնք բոլոր առումներով ամերիկացի են»: Իսպանալեզու բնակչության իրավունքների պաշտպանները, օրինակ, նկատել էին, որ Օբամայի օրոք ավելի շատ ապօրինի ներգաղթյալ է արտաքսվել, քան նրա նախորդի: