Բաժիններ՝

Չեխիայում ՀՀ դեսպանն այցելել է Հարավային Բոհեմիա տարածաշրջանի Չեսկի Կրումլով քաղաք

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն օգոստոսի 2-ին աշխատանքային այց է կատարել Հարավային Բոհեմիա տարածաշրջանի Չեսկի Կրումլով քաղաք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեսկի Կրումլովի քաղաքապետ Դալիբոր Կարդային։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քաղաքների և համայնքների միջև համագործակցությանը, փորձի փոխանակման հնարավորություններին և հեռանկարներին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Աշոտ Հովակիմյանը գրառում է կատարեց քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նույն օրը ՀՀ դեսպանության հովանու ներքո Չեսկի Կրումլովում անցկացվող 28-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայացել է ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հիմնադրած և ղեկավարած հայկական «Նաղաշ» համույթի և Հարավչեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս