Բաժիններ՝

«ՀԴՄ կտրոնները բոլորը սկսել են տալ, դա մտքի հեղափոխություն է». Գրիգորի Սաղյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Սևան ստարտափ սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հաջողության հասնելու համար կարևորը գաղափարն է, իսկ փողը կհայտնվի, և տնտեսական հեղափոխությունը գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունն է։

«Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին՝ մտքի հեղափոխություն է, որովհետև ամեն ինչ սկսվում է մտքից»,- ասաց վարչապետը։

«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ  Գրիգորի Սաղյանը 168.am-ի հետ զրույցում մատնանշեց մտքի հեղափոխության մի օրինակ՝ առևտրի կետերում սկսել են ՀԴՄ կտրոնները տրամադրել։

«Ես տեսնում եմ, որ ՀԴՄ-ները բոլորը սկսել են տալ, հազարից մեկին կարող ես տեսնել, որ չի տալիս։ Դա շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Եթե համարենք, որ դա մտքի հեղափոխություն է, ապա դա գործոններից մեկն է, թեև բացառություններ ևս կան»,- ասաց նա։

Ըստ Գ.Սաղյանի՝ IT ոլորտում միշտ եղել է մտքի հեղափոխություն, և եթե պետությունը հիմա նախատեսում է ավելացնել աջակցությունը, ստեղծվել է թվայնացման խորհուրդ, և դա կնպաստի, որ start-up-ները և ՏՏ ընկերություններն ավելի վստահ լինեն, որ ֆինանսավորում կստանան, իրենց գործը կկարողանան զարգացնել.

«Նախկինում էլ էին ֆինանսավորում start-up-ներին, հատուկ հանձնաժողով կար, բայց հիմա կարծես սպասվում է ֆինանսավորման ավելացում։ Դա, անշուշտ, կնպաստի ոլորտի զարգացմանը»։

Գ.Սաղյանի կարծիքով՝ IT ոլորտում կա մի խնդիր, որի լուծումը մեծամասամբ մտքի հեղափոխության հետ է կապված. «Հաճախ աշխատողները ստանում են ժամը 25-40 դոլար, բայց որևէ տեղ գրանցված չեն, բանկային քարտով ստանում են գումարներ, և իրենց հայեցողությանն է թողնված՝ հայտարարագրել դրանք, թե ոչ։ Այդ մասին էլ է խոսք եղել, որ մտքերում պետք է հեղափոխություն լինի, և այդ ֆրի-լանսերներն ինքնաբացահայտվեն։ Պետք է լինի բարի կամք, որ մարդիկ հասկանան, որ հարկերը պետք է վճարեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս